Այսօր մամուլում լուրեր էին տարածվել, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի հետ և վերջինիս խոստացել նախագահի ընտրություններում ապահովել 90 տոկոս ձայն Աբովյան քաղաքում:
Լուրեր.com-ը զրուցեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հետ, ով հարցի վերաբերյալ ասաց. «Ես լեգենդներ չեմ մեկնաբանում»:
Լուրեր.com-ի հարցին՝ հետևո՞ւմ եք քարոզարշավին, Զոհրաբյանն ասաց. «Ես քարոզարշավին չեմ հետևում: Անգամ չգիտեմ, թե քանի թեկնածու է մասնակցում քարոզարշավին: Ես քարոզարշավով չեմ հետաքրքրվում»:
Լրագրողի հարցին, թե նա ինչ է կարծում՝ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի ընտրած պայքարի ուղին՝ հացադուլը, կարո՞ղ է բերել որևէ փոփոխության:
«Ինչպես ասացի, ես ընտրարշավով բացարձակապես չեմ հետաքրքրվում, այդ թեկնածուով՝ ևս, ում մոտիվացիաներն առաջադրվելու, հացադուլ հայտարարելու, ինձ բացարձակապես հասկանալի չէ: Որևէ հոդաբաշխ բացատրություն այդպես էլ չհնչեց իր մոտիվացիաների վերաբերյալ: Իսկ ինչ վերաբերում է երեկվա նրա հայտարարություններին հայ մեծանուն գրող Վանո Սիրադեղյանի հասցեին, կարծում եմ՝ արդեն իսկ նման հայտարարություններ անող մարդու բարոյական նկարագիրը պիտի որ բոլորիս համար պարզ լինի»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Հիշեցնենք, որ երեկ «Ազատություն» ռ/կ-ի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ Անդրիաս Ղուկասյանն ասել էր.
«Ես կարծում եմ, որ կան ապացույցներ, որ Վանո Սիրադեղյանը մեղավոր է Հայաստանում իրականացված մի քանի սպանությունների մեջ: Ես հակառակը, կարծում եմ, որ Վանո Սիրադեղյանը պետք է պատժվի: Սիրադեղյանի անպատժելիությունն իշխանությունների անգործության հետևանքն է»: