ՀՀ սփյուռքի նախարարությունը և «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ն Մայրենիի օրվան նվիրված միջոցառումների շրջանակում կազմակերպել են Երևանի Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 դպրոցի երեք տասնյակից ավելի սիրիահայ աշակերտների այցը Մատենադարան:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, երեխաները մեծ հետաքրքրությամբ շրջել են Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտի ցուցասրահներով, ծանոթացել գրչագիր մատյանների, հին քարտեզների ու հնատիպ գրքերի, ինչպես նաև Մատենադարանի ստեղծման պատմությանը, գաղափար կազմել հայոց մշակույթի անցած ճանապարհի մասին՝ Մեսրոպ Մաշտոցի կողմից հայկական գրերի գյուտից սկսած մինչև XVIII դար:
Սիրիահայ աշակերտներն առանձնակի հետաքրքրություն են ցուցաբերել միջնադարյան մանրանկարների, տիեզերագիտությանն ու բժշկագիտությանը վերաբերող մատյանների, «Մշո ճառընտիրի» հանդեպ: