Բեյրութում անցկացվող «Ալ Բուստան» միջազգային փառատոնը երկրորդ տարին անընդմեջ հրավիրել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբին՝ հանդես գալու որպես փառատոնի պաշտոնական նվագախումբ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի պետական երիտասա րդական նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնից, «Ալ Բուստան» փառատոնն անցկացվում է փետրվարի 17-ից մարտի 22-ը։ Շուրջ 300 արտիստներ և 22 ներկայացում. այսպիսին է «Ալ Բուստան» փառատոնի օրակարգը։
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) փառատոնի շրջանակներում կունենա 5 համերգ։ Երիտասարդական նվագախումբը կկատարի դասական երաժշտության լավագույն ստեղծագործություններից, որոնք հանդիսատեսին կներկայացվեն համաշխարհային ճանաչում վայելող երաժիշտների մասնակցությամբ:
Մարտի 10-ին փառատոնի շրջանակներում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, Բեյրութի Էմիլ Բուստանի համերգասրահում հանդես կգա Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգով։
Միջազգային հեղինակավար այս փառատոնը մինչ օրս հրավիրել է ավելի քան 4000 արվեստագետի' աշխարհի տարբեր ծայրերից։ Փառատոնի ծրագիրը ներառում է օպերային, սիմֆոնիկ, խմբերգային, կամերային երաժշտություն, ինչպես նաև ջազ, արևելյան երաժշտություն, պարային և թատերական ներկայացումներ։
Փառատոնի շրջանակներում կազմակերպվում են նաև վարպետության դասեր, սեմինարներ։ «Ալ Բուստանն» անդամ է Եվրոպական փառատոների ասոցիացիայի (European Festival Association- EFA), Երաժշտական գործակալների միջազգային ասոցիացիայի (International Artist Managers’ Association- IAMA)։