Հայաստան-Թուրքիա արձանագրությունները ՀՀ Ազգային ժողովից հետո կանչելու վերաբերյալ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը ձևավորեց պաշտոնական Անկարայի քաղաքական օրակարգը հայկական հարցի վերաբերյալ անցնող շաբաթ: «Արմենպրես»-ն արձանագրեց, որ հայկական կողմի այս որոշմանն առաջինն արձագանքները հնչեցին Թուրքիայի ԱԳՆ-ից: Երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունից անանուն պաշտոնյաները հայկական կողմի որոշումը որակեցին որպես «սխալ և անհաջող քայլ»:
Հայտնի դարձավ, որ Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարում Թուրքիայում պատմական իրողությունների խեղաթյուրմանը կցվել են անգամ թուրքական մունիցիպալ կառույցները: Անկարայի քաղաքապետարանը հանձն է առել իրականացնել գիտական-կրթական ոլորտը իրական փաստերը խեղաթյուրող, հորինված պատմությամբ ողողելու գործընթացը: Քաղաքապետարանի որոշմամբ' երկրում հրատարակված հինգհատորանոց «Հայկական հարցի ժողովածու»-ն, 20 տեսակի գրքույկները, 12-հատորանոց «Օսմանյան նախագիծ»-ը գնելու և բա ժանելու են դպրոցներին, հիմնադրամներին և կազմակերպություններին, գրադարաններին և հետազոտական կենտրոններին:
Թուրքական իշխանություններն ապրիլի 24-ին ընդառաջ գերտերություններին սադրելու քայլ ձեռնարկեցին: Պարզվեց, որ Թուրքիան զենքի գնման մրցույթի արդյունքների հրապարակումն արհեստական ձգձգում է ու այն պայմանավորում Հայոց ցեղասպանության տարելիցով: Այսպիսով, Անկարան շանտաժի է ենթարկում Ֆրանսիային ու ԱՄՆ-ին' իր նենգ խաղի մեջ փորձելով ներքաշել նաև Արմուտքին: Թուրքական իշխանությունները հայտարարել են, որ հաշվի առնելով ԱՄՆ-ի և եվրոպական երկրների վերաբերմունքը Ցեղասպանության 100-րդ տարելիցի ն նվիրված միջոցառումների նկատմամբ' պաշտոնական Անկարան միայն ապրիլի 24-ից հետո է որոշում կայացնելու մի քանի միլիարդ արժողություն ունեցող գործարքի վերաբերյալ, որով երկրի հակաօդային պաշտպանության համակարգի համար ձեռք կբերվեն զենիթահրթիռային համալիրներ:
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ ստվարածավալ հարցազրույց տվեց Թուքրիայի վարչապետի հայազգի գլխավոր խորհրդական Էթյեն Մահչուփյանը: Նա կարծիք հայտնեց, որ հարաբերությունների կարգավորումը հնարավոր է միայն փաթեթային լուծմամբ: Նա կրկին պայմանավորեց հայ-թուրքական սահմանի բացումն ու հարաբերությունների կարգավորումը հայ-ադրբեջանական հարաբերություններով և ղարաբաղյան հարցով:
Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների վերաբերյալ հայտարարություն արեց նաև Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, ով ևս հայ-թուրքական արձանագրությունների վավերացումն ու կյանքի կոչումը պայմանավորեց հայ-ադրբեջանական հարաբերություններով:
Ցեղասպանության տարելիցին ընդառաջ հայկական կողմի նախապատրաստություններից թուրքական վախերի մասին խոսեց ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Սերդար Քըլըչը, ով ընդգծեց, որ որ ԱՄՆ-ի թուրքական համայնքը բոլոր ջանքերը կներդնի, որպեսզի դիմակայի այդ քարոզչությանը:
Ստամբուլի հայկական Սամաթիա թաղամասում տարեց հայ կանանց վրա հարձակման և նրանցից մեկի' Մարիցա Քյուչուքի գործով տեղի ունեցավ հերթական դատական նիստը: Դատարանը վճռեց կարգադրել անվտագության վարչությանն ու ժանդարմերիային պարզել, թե ում են պատկանում հանցանքի վայրում հայտնաբերված մյուս հետքերը: Գլխավոր կասկածյալ Մուրադ Նազարյանին շարունակելով պահել կալանքի տակ' որոշում է կայացվել դատական նիստը հետաձգելու մասին:
Թուրքիայում այս շաբաթը մեկնարկեց տարբեր քաղաքներում կազմակերպված բողոքի ակցիաներով՝ նվիրված Մերսինի Տարսուս քաղաքում երեք անձանց կողմից բռնաբարվելուց հետո դաժանաբար սպանված, այնուհետև այրված թուրք ուսանողուհի Օզգեջան Ասլանի հիշատակին: Հանցագործներին հայտնաբերելու և խստորեն պատժելու պահանջով ակցիաներ էին սկսել Թուրքիայի մի շարք հասարակական և իրավապաշտպան կազմակերպություններ:
Հետաքրքրական է, որ անցած 2014 թվականի ընթացքում այդ երկրում տղամարդկանց բռնության հետևանքով 294 կին է մահացել: Հրապարակված տվյալների համաձայն՝ Թուրքիայում յուրաքանչյուր 4 ժամում մեկ կին սեռական շահագործման կամ բռնության է ենթարկվում: Այդ երկրում կանանց 38 տոկոսը կյանքի ընթացքում նվազագույնը մեկ անգամ ֆիզիկական կամ սեռական բռնության է ենթարկվում:
Շաբաթվա ընթացքում թուրքական հանրությանը ցնցեց լրագրող, Թուրքիայի գրողների միության անդամ Նուհ Քյոյքլուի սպանությունը, ով Ստամբուլի Քադըքյոյ թաղամասում ընկերների հետ ձնագնդի խաղալու ժամանակ դանակահարվել էր մի խանութպանի կողմից: Քյոքլուն հայտնի է որպես Թուրքիայի կառավարության կողմից առաջ քաշված «Ներքին անվտանգության փաթեթին» դեմ հանդես եկող լրագրող: Մարդասպանը, որի անունը չի հրապարակվում, Քյոքլուին սպանելուց հետո բացականչել է, որ իրեն ձերբակալելուց հետո անմիջապես ազատ են արձ ակելու, քանի որ պաշտպանվում է իշխանությունների կողմից:
Թուրքիայում այս շաբաթն էլ Էրդողանին վիրավորելու հիմնավորմամբ հերթական լրագրողը ձերբակալվեց: Ձախակողմյան ուղղվածություն ունեցող SoL պարբերականի պատասխանատու տնօրեն Հաֆիզե Քազջըն 2014 թվականի մարտին պարբերականի առաջին և հինգերորդ էջերում հրապարակած «Մենք ձախակողմյաններ ենք, դու' գող» խորագրով լուրի համար դատապարտվեց 11 ամիս 20 օր ազատազրկման' «Էրդողանին վիրավորելու» հիմնավորմամբ:
Շաբաթվա ընթացքում երկու անգամ թուրքական մեջլիսում ծեծկռտուք տեղի ունեցավ իշխող և ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների միջև: Պատգամավորների սկսած վիճաբանության հետևանքով վիրավորվեցին մի քանի պատգամավոր:
Թուրքիայի իշխանամետ «Սաբահ» թերթը, հղում կատարելով երկրի հետախուզության աղբյուրներին, հայտնեց, որ երկրի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դստեր' Սումեյա Էրդողանի նկատմամբ մահափորձ էր պատրաստվել: Նշվեց, որ մահափորձը ծրագրվել էր իրականացնել խորհրդարանական ընտրություններից առաջ, որոնք նախատեսվում է անցկացնել առաջիկա հունիսի 7-ին:
Ամփոփեց Արաքս Կասյանը