Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանությունից 40-օր անց, Ավետիսյանների ընտանիքի հարազատներն ու իրավահաջորդնեը կրկին արդար դատավճիռ ու քննական ընթացք են պահանջում: Փետրվարի 21-ին Գյումրիում, Մյասնիկյան 188 հասցեում, Ավետիսյանների տան մոտ հավաքված ընտանիքի հարազատները լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ իրենց դժգոհությունը հայտնեցին նախաքննության դանդաղ ընթացքի հետ կապված՝ նշելով, որ դեպքից արդեն 40 օր անցել, սակայն նոր բան դեռ բացահայտված չէ: «40 օր է անցել, բայց դեռ ոչ մի նորություն չգիտենք: Այս վիճակն ավելի սարսափելի է: Մեզ միայն ճիշտ փաստեր են հարկավոր, ուզում ենք միայն իրականությունն իմանալ՝ ինչպե՞ս, ինչի՞ համար,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' լրագրողներին հետ զրույցում նշեց մահացած Հասմիկ Ավետիսյանի քրոջ ամուսինը՝ Հրանտ Ջալալյանը:

 

«Մենք չենք հավատում, որ սա մեկի արածն է, չենք հավատում, որ դա միայն Պերմյակովի արածն է: Մեզ պետք է իմանալ իրական հանցագործի մասին: Եթե իմանանք' որոշ չափով կհանգստատանք: 40 օր է անցել, բայց ոչինչ պարզ չէ, մենք քննական ընթացքից բավարարված չենք, կբավարավենք միայն, երբ մեր հարցերի պատասխանները ստանանք»,- ընդգծեց Հասմիկ Ավետիսյանի քույրը' Մարիամ Տոնոյանը՝ վստահեցնելով, որ եթե նախաքննական ընթացքն իրենց չբավարարի, իրենք պատրաստ են կտրուկ քայլերի դիմել, այդ թվում' նաև դիմել Եվրոպական դատարան:

 

«Մինչ այսօր ոչ մի ստույգ պատասխան չունենք: Ճիշտ է, սա չենք մոռանալու, բայց թեկուզ մի ստույգ պատասխան իմանալու դեպքում, մենք հանգիստ կզգանք: Մենք առ այսօր չենք կարող տանը հանգիստ մնալ: 40 օր անց բոլորս դեռ վախենում ենք, ահ ու սարսափի մեջ ենք: Որպես իրավահաջորդ ևս գիտեմ այն, ինչ բոլորը և ոչինչ ավելին»,- ասաց Հասմիկի մյուս քույրը' Ռիտա Պետրոսյանը, ով, ի դեպ, նաև 5 իրավահաջորդներից մեկն է:

 

 

Արմենուհի Մխոյան