ԱՄՆ Նյու Յորք քաղաքում մարտի 13-15-ը կայնալիք «Պատասխանատվություն 2015» գիտաժողովը նոր մակարդակի կբարձրացնի Հայոց ցեղասպանության խնդրի գիտական դիսկուրսը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ' այս մասին նշվում է գիտաժողովը կազմակերպած Ամերիկայի հայկական մշակութային ասոցիացիայի տարածած հաղորդագրությունում:
Հայոց ցեղասպանության հայուրերորդ տարելիցին ընդառաջ, մարտի սկզբին տեղի կունենա «Պատասխանատվություն 2015» ակադեմիական գիտաժողովը, որի նպատակն է հաջորդ մակարդակ բարձրացնել Հայոց ցեղասպանության խնդիրը: «Ցեղասպանությունը որպես «մեր» խնդիր դիտարկելու փոխարեն, գիտաժողովն այն կուսումնասիրի ավելի լայն' ակադեմիական, քաղաքական և մարդու իրավունքների տեսանկյունից, այդ կերպ դրան վերաբերվելով որպես մարդու իրավունքների կարևոր և արդիական հիմնահարցի»,- ասվում է հաղորդագրությունում:
Գիտաժողովին կմասնակցեն հայ և օտարազգի նշանավոր գիտնականներ, ինչպիսիք են Ջեֆրի Ռոբերտսոնը, Ռիչարդ Հովհաննիսյանը և Ռոբերտ Ֆիսկը, ինչպես նաև արվեստի անվանի ներակայցուցիչներ Քրիս Բոհջալյանը, Սքաութ Թուֆանկյանը, Էրիկ Բողոսյանը, Ալեքսանդր Դինելարիսը, լրագրողներ և հասարակական գործիչներ: