Ամերիկացի միլիարդատեր, հանրապետական Դոնալդ Թրամփը The Washington Post թերթին հայտարարել Է, որ մտադիր Է մասնակցել 2016 թվականի նախագահական մրցավազքին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Բոլորը կարծում են, որ ես դա անում եմ պարզապես հանուն զվարճանքի կամ այն բանի համար, որ դա լավ Է իմ բրենդի համար,-ասել Է մագնատը:-Բայց՝ ոչ, խոսքը զվարճանքի մասին չԷ: Ես դա անում եմ ոչ թե հաճույքի համար, այլ որովհետեւ երկիրն աղետալի վիճակում Է հայտնվել»:
«Ամբողջ աշխարհում մարդիկ ծիծաղում են մեզ վրա: Նայեք Չինաստանին, նրանք ուղղակի «սպանում են» մեզ, խլում աշխատատեղերը: Մենք խնդիրներ ունենք Մերձավոր Արեւելքում եւ «Իսլամական պետության» հետ: Մեր երկիրը կառավարում են անձեռնհաս մարդիկ, եւ ես դրանից հոգնել եմ»,-հայտարարել Է միլիարդատերը:
Այնուամենայնիվ, Թրամփի հայտարարությունը հանրապետականներից շատերը թերահավատորեն են ընդունել:
Ամերիկյան մի շարք լրատվամիջոցներ այն կարծիքին են, որ 2016 թվականի ընտրություններում Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու դառնալու իրավունքի համար հիմնական պայքարը կծավալվի Ջորջ Բուշ կրտսերի եղբոր՝ Ֆլորիդայի նահանգի նախկին նահանգապետ Ջեբ Բուշի եւ Նյու Ջերսիի նահանգի նահանգապետ Քրիս Քրիսթի միջեւ, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը: