Փարիզի Դեկարտի անվան համալսարանում մի ցուցարար, ով, թուրքական լրատվականների պնդմամբ, ազգությամբ հայ է, իր բողոքն է հայտնել Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան Հաքքը Աքիլի ելույթի ժամանակ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, երիտասարդը դեսպանի ելույթի ժամանակ վազել և արյան գույն ունեցող և Հայաստանի խորհրդանիշը համարվող նռան հյութ է լցրել նրա վրա:
Թուրքական պարբերականը գրում է, որ անվտանգության աշխատակիցները պարզել են, որ հարձակում գործածը հայ է եղել, և նրա դեմ բողոք է ներկայացվել: Ոչ մի լրատվամիջոց չի հայտնում երիտասարդի անունը: Կա տեսագրությունը, որտեղ երևում է' երիտասարդը չի խոսել, հայերեն ոչ մի բառ չի արտաբերել: Այս միջադեպին անդրադարձել է նաեւ ֆրանսիական France24-ը, սակայն կրկին թուրքական աղբյուրները վկայակոչելով:
Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան Աքիլը չի կորցրել հարմար պահը և շտապել է հայտարարել, որ հայերը նմանօրինակ հարձակումներ նախկինում ևս արել են: