«Քեզ համար, Հայաստան». հենց այս խորագիրն ունեցող և աշխարհահռչակ Շառլ Ազնավուրի հայտնի ստեղծագործության անունը կրող նախաձեռնության շրջանակներում համաշխարհային հռչակ վայելող անվանի արտիստներն աշխարհի տարբեր երկրների բեմերից կբարձրաձայնեն Հայոց ցեղասպանության մասին: Ութ համերգային երեկո ներառող համերգաշարը «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի նախաձեռնությունն է:
«Մենք շատ ջանք, եռանդ և միջոցներ ներդրեցինք, որ բազմաթիվ հայտնի մարդիկ գան Հայաստան և ելույթ ունենան այստեղ: Այսօր մենք ստանում ենք պատասխանը, երբ բոլորը միաբերան իրենց մտահղացումով ցանկություն են հայտնել համերգներ նվիրել ցեղասպանության տարելիցին և հարգանքի տուրք մատուցել»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց «Երևանյան հեռանկարներ» փառատոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանը:
«Քեզ համար, Հայաստան» նախ ագծի շրջանակներում մի շարք անվանի արտիստներ հանդես կգանԻսրայելի, Տալինի, Բրյուսելի, Սանկտ Պետերբուրգի, Լոնդոնի, Նյու Յորքի, Հռոմի և Վիեննայի հեղինակավոր բեմերում: Ծրագրին մասնակցում են Բելգիայի ազգային և Լա Սկալա ֆիլհարմոնիկ նվագախումբը, Սանկտ Պետերբուրգի արքայական ֆիլհարմոնիկ և Մարինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբերը, դիրիժորներ Վալերի Գերգիևը, Պինկաս Ցուկերմանը, Ջորջ Փեհլիվանյանը և Ջոն Աքսելորդը, մենակատարներ Եվգենի Կիսինը, Մաքսիմ Վենգերովը, Միշա Մայսկին, Ջուլիան Ռաչլին և Սերգեյ Նակարյակովը և այլք:
«Ծրագրի շրջանակում մայիսի 26-ին հեղինակավոր Քարնեգի հոլ (Carnegie Hall) համերգասրահում հանդես կգա աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինը: Ի դեպ,Կիսինը Քարնեգի հոլի համերգի գաղափարի հեղինակն է: Նա ուզում էր աշխարհի ամենահայտնի դահլիճում 100-ամյակին նվիրված համերգ կազմակերպել և նվագել: Հայաստանի մեկ այլ բարեկամ՝ աշխարհահչակ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին ցանկություն հայտնեց գրել ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ստեղծագործություն, և այդ երկու մեծանուն երաժիշտներն այդ օրը ներկայացնելու են իրենց հարգանքի տուրքը: Պենդերեցկու նորաստեղծ գործի պրեմիերան կկատարի «Հովեր» երգչախումբը»,-տեղեկացրեց Սոնա Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ համերգաշարը կամփոփվի Վիեննայում՝ հեղինակավոր ֆիլհարմոնիայի դահլիճում, որտեղ համերգ կազմակերպելն արդեն իսկ երազանք էր:
«Ծրագրին հայեր գրեթե չեն մասնակցում: Իմաստն այն է, որ օտարերկրյա երաժիշտներն են իրենց խոնարհում բերում ողբերգական իրադարձությանը: Այս տարիների մեր ձեռք բերած հեղինակությունն ու կապերն են մեզ թույլ տալիս նման բան կազմակերպել: Հեշտ բան չէ նման համերգասրահների հետ պայմանագրեր կնքել: Այդ երաժիշտների ամեն մի խոսքին հազարավոր մարդին են լսում, և նրանց կարծիքը շատ մեծ ազդեցություն է թողնում մարդկանց վրա»,-հավելեց փառատոնի տնօրենը:
«Քեզ համար, Հայաստան» նախաձեռնության մեկնարկը կտրվի մարտի 5-ին: Երուսաղեմի սիմֆոնիկ նվագախումբը, էստոնացի հայտնի ջութակահար, դիրիժոր Անդրես Մուսթոնենի ղեկավարությամբ կներկայանա Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված երաժշտական ծրագրով:
Ռոզա Գրիգորյան