Թուրքիայի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Էր Ռիադում հանդիպել է Սաուդյան Արաբիայի նոր թագավոր Սալմանի հետ: Նրանց քննարկման հիմնական թեման էր Սիրիայում պատերազմը, Իրանի միջուկային բանակցությունները եւ անկարգությունները Եմենում:

 

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական ԶԼՄ-ներն այդ հանդիպումը գնահատել են որպես Սաուդյան Արաբիայի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների ջերմացում, որոնք լարված էին մնում Սաուդյան Արաբիայի հանգուցյալ թագավոր Աբդալլահի օրոք: Այդ լարվածությունն զգալի չափով առկա էր այն պատճառով, որ Էրդողանը բացասաբար էր ընդունել Եգիպտոսի իսլամիստ նախագահ Մուհամեդ Մուրսիի իշխանության տապալումը, որը նա «ռազմական հեղաշրջում» է անվանել:

 

 

Էրդողանը վերջին անգամ Սաուդյան Արաբիա էր այցելել հունվարին' թագավոր Աբդալլահի հուղարկավորությանը մասնակցելու համար: Մինչ Սալմանի հետ հանդիպումը, Էրդողանն իսլամական ուխտագնացություն է կատարել Մեքքա եւ այցելել Մեդինայում Մուհամեդ մարգարեի կառուցած առաջին մզկիթ:

 

 

Թուրքիան դեպի իսլամացում տանող եւ երկիրը Աթաթուրքի հիմնադրած հանրապետության աշխարհիկ գաղափարախոսությունից հեռացնող սունի Էրդողանը ցանկանում է ամրապնդել հարաբերությունները տարածաշրջանում սունի իսլամի առաջնորդ Սաուդյան Արաբիայի հետ, որը հարուստ է նավթով: