Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) հայտնել է, որ ադրբեջանական թեթեւ նավթի գինը երեկվա համեմատ 1,85 դոլարով նվազելով, մարտի 5-ին մեկ բարելի դիմաց կազմել է 61,33 դոլար:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական ANS PRESS լրատվական գործակալությունը:
Նշվում է, որ թեեւ ադրբեջանական նավթի էժանացում է գրանցվել, համաշխարհային սակարաններում նավթի այլ տեսակների գնի աճ է տեղի ունեցել: Այսպես' Նյու Յորքի ապրանքային սակարանում NYMEX տեսակի նավթի գինը, 0,20 դոլարով աճելով, մեկ բարելի դիմաց կազմել է 51,73 դոլար: Լոնդոնի ICE ապրանքային սակարանում Brent տեսակի նավթի գինը, 0,04 դոլարով աճելով, մեկ բարելի դիմաց կազմել է 60,59 դոլար:
Նավթի գնի անկումը Ադրբեջանին կանգնեցրել է տնտեսական ճգնաժամի առաջ: 34 տոկոսով արժեզրկվել է այդ երկրի ազգային արժույթը' մանաթը, որի պաշտոնական կուրսը ամերիկյան դոլարի եւ եվրոյի նկատմամբ մարտի 5-ի դրությամբ գտնվել է համապատասխանաբար 1,094 եւ 1,1607 մակարդակի վրա, այն դեպքում, երբ ընթացիկ տարվա հունվարի սկզբին մեկ ԱՄՆ դոլարն արժեր 0,780 մանաթ:
Ադրբեջանի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերթքները, իսկ երկրի պետբյուջեն 87 տոկոսով ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին:
Ադրբեջանի 1915 թվականի պետբյուջեում նավթի գինը մեկ բարելի համար նախատեսված է 90 դոլար: Ներկայում այն արդեն պետբյուջեում նախատեսվածից մոտ 40 դոլարով ցածր է: