Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործով երկու կասկածյալ է ձերբակալվել: Այս մասին հայտնել է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ աղբյուրին:

 

Աղբյուրը նշել է, որ բավականին արագ է գտնվել ավտոմեքենան, որով տեղափոխվել են ենթադրյալ հանցագործները, իսկ մեքենայի մեջ հայտնաբերվել են բիոնյութեր, որոնք օգնել են դուրս գալ հանցագործների հետքի վրա:

 

«Հանցագործությունը բացահայտելու գործում օգնել է հեռախոսային խոսակցությունների բիլինգն ուսումնասիրելու միջոցը: Սակայն այդ գործում վերջակետ դնելը դեռ վաղ է, քանի որ պետք է գտնել հանցագործության կազմակերպիչներին և պատվիրատուներին»,- ընդգծել է աղբյուրը:

 

Ավելի վաղ, Անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը տեղեկացրել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Նեմցովի սպանության մեջ կասկածյալների ձերբակալման մասին: ԱԴԾ-ի ղեկավարը նաև նշել է կալանավորների անունները՝ Գուբաշև Անզոր, Դադայեվ Զաուր: