Շվեդական եկեղեցու «Kyrkans Tidning» օրաթերթը մարտի 4-ին հրապարակել էր հոդված «Ժամանակն է հիշելու Հայոց ցեղասպանությունը» խորագրով։ «Արմենպրես»-ը ներկայացնում է այն որոշ կրճատումներով։
«…Սկսած 1915թ-ից երկու տարվա ընթացքում մոտ 1.5 միլիոն հայեր բնաջնջվեցին։ Կոտորածների ալիքը տարածվեց նաև մյուս քրիստոնյա համայնքերի վրա։ Զոհ դարձան մոտ 84,000 հույներ և ասորիների գրեթե 75 տոկոսը։
Ցեղասպանությունը հանդիսանում էր «Թուրքիան թուրքերի համար» ազգայնական երազանքը։ Ցեղասպանությունից մազապուրծ եղած բազմաթիվ հայեր ապաստան գտան աշխարհի տարբեր երկրներում, արդյունքում հիմնելով հայկական եկեղեցիներ, որոնցից յուրաքանչյուրի բակում կարելի է տեսնել հուշարձան՝ նվիրված 1915թ Ցեղասպանության հիշատակին։
Այս տարի ապրիլի 24-ին լրանում է Հայերի տեղահանության հարյուրամյակը։ Ժամանակն է ուշադրություն դարձնել Ցեղասպանությանը և կանգնել քրիստոնյաների կողքին, ովքեր արմատներով Մերձավոր Արևելքից են։ Այս տարի 1915թ․ ցեղասպանության հիշատակին նվիրված յուրաքանչյուր միջոցառում առաջիկայում էլ ավելի կամրապնդի մեր միասնությունը։ Մինչ օրս Ցեղասպանության հարցը քաղաքականապես շատ զգայուն հարց է։ Մի շարք քրդական կազմակերպություններ ներողություն են խնդրել հայերից, սակայն Թուրքիայի դատարանները դեռևս շարունակում են դատապարտել այն մարդկանց, ովքեր համարձակվում են հայտարարել, որ ցեղասպանություն է եղել։ Թուրքական դպրոցներում ուսուցանվում է Ցեղասպանության ժխտողականություն։
1915թ ցեղասպանության ոգեկոչումը եզակի հնարավորություն է տալիս խորացնելու հարաբերությունները Շվեդիայում գտնվող քրիստոնյաների հետ, ովքեր արմատներով Մերձավոր Արևելքից են։ Դա կարող է լինել ներկա իրավիճակի ճիշտ գնահատման սկիզբը։ Այն ամենը, ինչ մենք անում ենք ցեղասպանության հարցը բարձրացնելու ուղղությամբ վաղ թե ուշ հանգեցնելու է Ադոլֆ Հիտլերի երազած բռնի մոռացության պարտությանը։ 2015թ-ը հնարավորություն է տալիս պատասխան տալու Հիտլերին, - «Մենք Շվեդական եկեղեցում հիշում ենք հայերին»։
Մարտի 5-ին Շվեդական ռադիոյով հեռարձակվել է նաև «Արվեստը Հայոց ցեղասպանության մասին» խորագրով կարճ հարցազրույց ստամբուլահայ նկարիչ Գրիգոր Սահակողլուի հետ։
Շվեդական ռադիոյի թղթակից Լիզա Բերգստրոմը հարցազրույցում նշում է, որ Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի կապակցությամբ Ստամբուլում տեղի է ունենալու նկարչական ցուցահանդես, և մեկ տարի շարունակ կցուցադրվեն արվեստի գործեր՝ նվիրված Ցեղասպանությանը։
Հարցազրույցում արվեստագետ Գրիգոր Սահակողլուն նշում է, որ իր նկարները մեծամասամբ սև և կարմիր գույներով են, քանի որ նվիված են Ցեղասպանությանը։
«Ես խոսում եմ իմ ժողովրդի հետ, երբ նկարում եմ, և պատահում է որ արտասվում եմ։ Արտասվում եմ, երբ հիշում և վերապրում եմ 100 տարի առաջ իմ հարազատների հետ տեղի ունեցած կոտորածները։ Ես իմ մեջ կրում եմ հայկական ինքնություն, արմատներ և ժառանգություն», ասում է Գ. Սահակողլուն զրույցի ժամանակ։
Հարցազրույցում նշվում է, որ Ցուցահանդեսը կոչվում է "Exist", որը կարելի է մեկնաբանել «Բացակա ներկայություն» և ցուցադրվելու է Ստամբուլի Թոբհանե թաղամասի ցուցասրահում, որտեղ նախկինում ևս ներկայացվել են Ցեղասպանության վերաբերյալ ցուցահանդեսներ, սակայն, քանի որ այս տարի Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցն է՝ ողջ տարին Հայոց ցեղասպանության թեման կլինի ուշադրության կենտրոնում։
Գրիգոր Սահակողլուն ցանկանում է ցուցահանդեսում արվեստի գործերի միջոցով թուրք հասարակությանը ավելի իրազեկ և բաց դարձնել։ Նա կարծում է, որ հասարակությունը ևս պետք է ներողություն խնդրի։
«Երբ մենք խոսում ենք ցեղասպանության մասին դա չի վերաբերվում միայն անցյալին դա վերաբերվում է նաև ապագային»,- ասվում է հարցազրույցում։