ԱՄՆ-ի բնակիչները 2014 թվականին 58 մլրդ դոլար են ծախսել ընտանիք կենդանիների վրա, ինչը 4,2 տոկոսով ավելի է, քան մեկ տարի առաջ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս տվյալները ներկայացրել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով կենդանիների համար ապրանքներ արտադրողների ամերիկյան ընկերակցությանը:

 

 

Ծախսերի հիմնական մասը բաժին է ընկնում կերերին. 2014 թվականին դրանց ձեռբերման համար ծախսվել է 22 մլրդ դոլար: Երկրորդ տեղում անանսանաբուժական սպասարկումն է (15 մլրդ դոլար): Ընդսմին տերերը ավելի ու ավելի հաճախ ծախսեր են կատարում ոչ միայն կենասականորեն անհրաժեշտ բժշկական ընթացակարգերի, այլև այնպիսի էկզոտիկ բաների համար, ինչպիսին պլաստիկ վիրահատություններն են:

 

 

Ծախսերի ցանկում երրորդ տեղն զբաղեցնում են կենդանիների համար նախատեսված զանազան ապրանքները, այդ թվում՝ վզակապերը, կերակրամանները և առանձին դեղամիջոցներ (14 մլրդ դոլար): Եվս 4,8 մլրդ դոլար տրամադրվում է վարսավիրների, հյուրանոցների, կենդանիների խնամքի մասնագետների ծառայությունների համար:

 

 

Ամենաարագ տեմպերով աճում է անսովոր ծառայությունների հետ կապված ծախսերի կատեգորիան: Օրինակ, վերջին ժամանակներս ավելի ու ավելի մեծ թվով մարդիկ են իրենց կենդանիներին տանում սպա-սրահներ, որտեղ նրանց մերսում են և զանազան կոսմետիկ ծառայություններ մատուցում:

 

 

Անմիջականորեն կենդանիների ձեռքբերման վրա ծախսվում է 2,15 մլրդ դոլար: Ընկերակցության տվյալներով՝ ԱՄՆ-ում ապրում է 397 մլն ընտանի կենդանի: Նրանցից 96 միլիոնը կատուներ են, 80 միլիոնը՝ շներ: ԱՄՆ-ում շների առավել տարածված ցեղատեսակն արդեն 24 տարի անընդմեջ լաբրադորն Է:

 

 

1994 թվականին, երբ ընկերակցությունն անցկացրել է առաջին համանման հետազոտությունը, ընտանի կենդանիների վրա ամերիկացիների ծախսերը կազմում էին 17 մլրդ դոլար: