Վարկանիշավորման միջազգային Fitch կազմակերպությունը զգուշացրել է ներդրողներին' հայտարարելով, որ Թուրքիայում ներդրումները քաղաքական ռիսկեր են պարունակում:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, The Financial Times թերթի հետ զրույցում հայտարարել է Fitch-ի Թուրքիայի գծով վերլուծաբան Փոլ Ռուքինսը:

 

 

«Վերջին երկու ամիսներին թուրքական լիրայի աննախադեպ անկումը կապված է աճող քաղաքական ռիսկերի հետ: Բազմաթիվ ներդրողներ խիստ անհանգստացած են Թուրքիայում առկա քաղաքական ռիսկերով», -ասել է Ռուքինսը' որպես նման անհանգստության աղբյուր նշելով հունիսի 7-ին Թուրքիայում անցկացվելիք խորհրդարանական ընտրություններից հետո ստեղծվելիք հնարավոր քաղաքական դաշտը:

 

 

Վերլուծաբանն ասել է, որ նման կանխատեսման համար հիմք են տալիս Թուրքիայի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից երկիրը նախագահական կառավարման համակարգի տանելու, քաղաքական գործիչների' ավելի անկանխատեսելի լինելու, թուրքական Կենտրոնական բանկի' գնալով ավելի շատ քաղաքական ճնշումների ենթարկվելու հանգամանքները:

 

 

«Եթե Թուրքիան անցնի նախագահական համակարգի, ինչը խիստ հավանական է, քաղաքականության վստահելիության հարցում ռիսկերը կաճեն: Կավելանան նաեւ իրավունքի գերակայության սկզբունքին վնաս հասցնելու ռիսկերը», -նշել է նա:

 

 

Անգլիական տնտեսական-քաղաքական թերթին տված հարցազրույցում Թուրքիայում ներդրումների քաղաքական ռիսկի տակ հայտնվելու կանխատեսում է արել նաեւ Capital Economics-ի տնտեսագետ Ուիլյամ Ջեքսոնը:

 

 

«2000-ականների սկզբին քաղաքական միջամտությունները խիստ բացասական ազդեցություն թողեցին Թուրքիայի տնտեսության վրա: Եթե Թուրքիան հետքայլ կատարի դեպի նախկին ռիսկային տարիներ, դրա հետեւանքը կհանդիսանան մի շարք տնտեսական ճգնաժամեր», -մեկնաբանել է Ջեքսոնը: