Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում մարտի 9-ին մեկնարկում է Եվրախորհրդարանի լիագումար նստաշրջանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, պատգամավորների կողմից քննարկվելիք գլխավոր թեմաների թվում են՝ Մոսկվայում քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանությունը եւ Ռուսաստանում ժողովրդավարության վիճակը:

 

«Խորհրդարանականները չորեքշաբթի օրվա երկրորդ կեսին Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի մասնակցությամբ կքննարկեն ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանությունը եւ ՌԴ-ում ժողովրդավարության ընդհանուր վիճակը»,- ՏԱՍՍ-ին հայտնել են ԵԽ-ի մամուլի ծառայությունում: Նշվել է, որ այդ քննարկման արդյունքում մարտի 12-ին խորհրդարանականները կընդունեն բանաձեւ: Դրա հետ մեկտեղ ԵԽ-ի խոսնակ Մարտին Շուլցն արդեն հույս է հայտնել, որ Մոսկվան կանցկացնի Նեմցովի սպանության «ման րակրկիտ անկախ հետաքննություն»:

 

Քննարկումների ընթացքում պատգամավորները կարծարծեն ՌԴ-ի եւ ԵՄ-ի փոխհարաբերությունների թեման, մասնավորապես, դրանց տնտեսական բաղադրիչը: Այսպես, նրանք կքննարկեն այն, թե Ռուսաստանի կողմից գյուղատնտեսական մի շարք ապրանքների եւ մթերքների պատասխան սահմանափակումներն ինչպես են ազդել Եվրոպայի բեռնափոխադրումների ճյուղի վիճակի վրա:

 

Ընթացիկ նստաշրջանում նաեւ կքննարկվի աշխարհի ընդհանուր քաղաքական իրադրությունը: Մարտի 11-ին Մոգերինին պետք է ժողովրդական ընտրյալների առջեւ հաշվետվություն ներկայացնի իր աշխատանքի հանգուցային ուղղությունների եւ նպատակների վերաբերյալ: Քննարկումների արդյունքում համապատասխան բանաձեւը պետք է ընդունվի մարտի 12-ին: Բացի այդ, խորհրդարանականները պատրաստվում են Մոգերինիից տեղեկանալ Արաբական պետությունների լիգայի հետ ԵՄ-ի հարաբերությունների վերաբերյալ նրա հայացքների մասին, մասնավորապես, հակաահաբեկչական փոխգործակցության բնագավառում:

 

Մարտի 10-ին Ստրասբուրգում պատգամավորների առջեւ հանդես կգա Հորդանանի Աբդալա II թագավորը: Մինչ այդ նա ԵԽ է այցելել 2002, 2007 եւ 2012 թվականներին:

 

Ընթացիկ խորհրդարանական նստաշրջանը կավարտվի մարտի 12-ին: