Միջուկային ծրագրով Իրանի կողմից իր ստանձնած պարտավորությունների չկատարման դեպքում ԱՄՆ-ն կքննարկի տարբեր պատասխան միջոցառումներ՝ ներառյալ ռազմական: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը:
«Եթե մենք պարզենք, որ Իրանն ինչ-որ կերպ շրջանցում է համաձայնագրի պայմանները, ապա նախագահը կունենա հնարավոր գործողությունների լիարժեք փաթեթ։ Դրանք հավելյալ պատժամիջոցներն են, նոր՝ միջազգային հանրության հետ համակարգված քայլերը կամ նույնիսկ ռազմական միջոցառումները»,- ասել է Էռնեստը:
Էռնեստը քննադատել է հանրապետականների նամակը՝ ուղղված Իրանի ղեկավարությանը:
Նրա խոսքով՝ այդ կերպ հանրապետականները ցանկանում են անմիջապես անցնել ուժային մեթոդների՝ հնարավորություն չտալով դիվանագիտությանը:
Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը սենատորների նամակն անվանել էր «քարոզչական հնարք», որը խափանում է ոչ միայն ապագա միջուկային գործարքը, այլև ուրիշ միջազգային համաձայնագրեր:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, նամակում 47 հանրապետական սենատորները Թեհրանին նախազգուշացրել են, որ միջուկային ծրագրի շուրջ ցանկացած համաձայնագիր, առանց Կոնգրեսի հավանության, ուժ կունենա մինչև Օբամայի պաշտոնավարման ավարտը: