Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնին նախորդող 48-օրյա Մեծ պահքը կիսվում է մարտի 11-ին: Այդ օրը անվանվում է Միջինք: Ըստ Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյանի' Միջինք անունը տրվում է Մեծ պասը կիսող օրվան, որը, սակայն, տոնական նշանակություն չունի: Միջինք է Դ (չորրորդ) չորեքշաբթի կամ Մեծ պասի 24-րդ օրը: Միջինքից սկսած' Խաղաղական ժամերգության ընթացքում սկսում են երգվել Ստեղի շարականները:

 

Այդ օրը, ըստ ժողովրդական ավանդության, հայ տանտիկինները թխում են բաղարջ, որի մեջ մետաղադրամ են դնում: Ում բաժին ընկնի այդ դրամը, այդ տարի հաջողություն կունենա:

 

Այսօր' մարտի 11-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ երիտասարդական միությունները նշելու են Միջինքը՝ Պահքի ավանդական հայկական ուտեստներով: Օրը հագեցած կլինի նաև ազգագրական պարերով:

 

Այս տարի Մեծ պահքը մեկնարկել է փետրվարի 16-ին, Սուրբ Հարության ավետիսը կտրվի ապրիլի 5-ին:


qahana.am