Ադրբեջանի Աղջաբեդիի շրջանի Փոլադլը գյուղի բնակիչ Ռաշադ Դադաշովը զինծառայությունից 22 տարեկանում վերադառնալուց հետո է իմացել, որ ինքն ի ծնե մեկ երիկամ ունի: Զինծառայությունից վերադառնալուց հետո առողջական խնդիրներ ունեցած երիտասարդը տարբեր ախտորոշումներով անիմաստ բուժումներ է անցել: Բժիշկները վերջապես պարզել են, որ նա մեկ երիկամով է, եւ այն էլ լուրջ խնդիր ունի:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ռ.Դադաշովի մայրը' Ռադա Դադաշովան «Ազադլիգ»-ին պատմել է, որ մինչ զորակոչը որդին առողջական խնդիրներ չի ունեցել, եւ առողջությունը կորցրել է զինծառայության ընթացքում:
«Որդիս այսպիսի վիճակում հայտնվեց զորացրվելուց հետո: Մռավի մարտական դիրքերում սառչելու եւ խիստ ցուրտ եղանակին վարժանքներից հետո նրա երիկամում խնդիրներ առաջացան: Ըստ օրենքի' զինծառայության ժամանակ զինծառայողների առողջական վիճակի վնասը պետք է փոխհատուցի պետությունը: Բայց քանի որ նրա առողջական վիճակը վատացել է զորացրվելուց հետո, ոչ մեկին չենք կարողանում ապացուցել, որ նա առողջությունը կորցրել է բանակում», -գանգատվել է զինվորի մայրը:
Ադրբեջանի մոբիլիզացիայի եւ զորակոչի պետական ծառայությանը կից Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի նախագահ Ֆիքրեթ Ալիեւը խոստովանել է, որ Ռ.Դադաշովի մեկ երիկամային պաթոլոգիան կարող էր բացահայտվել զինծառայությունից առաջ:
«Սակայն օրենսդրությամբ զինծառայության կանչվող քաղաքացիների ներքին օրգանների ուլտրաձայնային քննություն նախատեսված չէ: Այդ պատճառով, Ռ.Դադաշովը նման քննության չի ենթարկվել»,-արդարացել է նա:
Զինվորի մայրը պնդում է, որ իր որդին, փաստորեն, Ադրբեջանի զինծառայության սխալ օրենսդրության զոհ է: Ադրբեջանի նախագահ, ԶՈւ գլխավոր հրամանատար Իլհամ Ալիեւին հղած նամակում մայրը գրել է, որ «դա ոչ իր որդու, ոչ էլ իրենց մեղքը չէ, որ զինծառայության կանչվողների ներքին օրգանները բժշկական քննության չեն ենթարկվում:
«Ինչպես դուք եք ասում' այս զարգացած երկրում զինծառայության կանչվողների առոջղական վիճակը ստուգելու համար ուլտրաձայնային սարքերի բացակայությունը կամ էլ նման քննության կարիքը չլինելը զարմանք եւ ափսոսանք են ծնում: Փաստորեն, իմ որդին նման անգրագիտության եւ բացթողման զոհ է: Բայց ոչ նրան հասցված վնասն է փոխհատուցվել, ոչ էլ սոցիալական պաշտպանությունն է ապահովվել: Ռաշադը 24 տարեկան է: Նման առողջությամբ ինչպե՞ս եւ ո՞ւմ հաշվին պետք է նա շարունակի հետագա կյանքը»,-հարցնում է մայրը:
Դադաշովան ասում է, որ այժմ իր որդուն ոչ անաշխատունակ, ոչ էլ հաշմանդամ են ճանաչում, եւ նրա' նվազագույնը երեք ամիսը մեկ անգամ բուժում անցնելու բոլոր ծախսերն էլ իրենք են հոգում:
«Բանակում զինծառայողների հիվանդության ու մահվան փաստերը նվազեցնում են պետության եւ բանակի նկատմամբ բնակչության վստահությունը: Բանակի համար մեծ բյուջե հատկացնող պետությունը չի կարողանում մեկ ուլտրաձայնային սարք գնելու փող գտնել իր զինծառայողների առողջական վիճակը պարզելու համար»,-դժգոհել է ադրբեջանական բանակում առողջությունը կորցրած զինծառայողի մայրը:
Ադրբեջանական ԶԼՄ-ները երիկամային պաթոլոգիայով մեծ թվով երիտասարդների բանակ զորակոչելու բազմաթիվ դեպքերի մասին են հայտնել: Նման դեպքերի հետ կապված' Ադրբեջանի Աստարայի շրջանի նախկին զինկոմը զարմանք էր հայտնել' ասելով. «Ի՞նչ կա որ, տղան մեկ երիկամով զինծառայության է տարվել, ի՞նչ կա որ այստեղ»: