Լիբանանի «NDU» համալսարանի հանդիսություննների սրահում մարտի 9-ին Հայ կաթողիկե պատրիարքարանի նախաձեռնությամբ և Լիբանանի կաթողիկե պատրիարքների և եպիսկոպոսական խորհրդի հովանավորությամբ տեղի Է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում:

 

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, երեկոյին ներկա էին քաղաքական կուսակցությունների ղեկավարներ, կրոնական առաջնորդներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, դիվանագետներ, լրագրողներ:

 

 

Երեկոյի բացումը կատարել է հասարակական գործիչ Ջորջ Քորդահին: Նա արաբերենով արտասանել է Ցեղասպանության զոհ, հայ մեծ բանաստեղծ Սիամանթոյի «Ափ մը մոխիր» ստեղծագործութունը, ապա անդրադարձել է հայ ժողովրդի պատմությանը: Հայ կաթողիկե պատրիարքության անունից ելույթ է ունեցել հայր Գևորգ ծայրագույն վարդապետ Եղյայանը: Ապա ասմունքով հանդես է եկել մարդկության դեմ իրականացված բռնությունների և ոճրագործությունների վերաբերյալ մի շարք աշխատությունների հեղինակ, լիբանանցի բանաստեղծ Անտուան Ռաադը:

 

 

Լիբանանի նախկին վարչապետ, «Ազատ հայրենասիրական շարժում» կուսակցության ղեկավար Միշել Աունը իր խոսքում նշել է, որ հայ ժողովուրդը տառապանքներ և զրկանքներ է ունեցել Օսմանյան կայսրությունում' ենթարկվելով հալածանքների: Միշել Աունն ընդգծել է, որ 1915թ. հայությունը զոհ գնաց այն գաղափարախոսությանը, որը միտված էր Թուրքիայում ապրող բազմաթիվ ազգությունների և կրոնների բնաջնջմանը: Ըստ գեներալ Աունի, անցյալի ոճիրների ուրացումը թույլ է տվել, որ ոճրագործ ուժերը հետագայում ևս իրագործեն ջարդեր և անպատիժ ավերեն քաղաքակրթություններ:

 

 

Լիբանանի նախկին նախագահ Ամին Ժմայելն իր ելույթում նշել է, որ միջազգային հանրությունը պարտավոր է ճանաչել և դատապարտել անցյալում իրականացված և ներկայումս էլ շարունակվող զանգվածային բնաջնջման բոլոր գործողությունները, որպեսզի հնարավոր լինի կանխել դրանց կրկնությունն ապագայում: Ամին Ժմայելը բարձր է գնահատել լիբանանահայության ներդրումը Լիբանանի գոյատևման և զարգացման գործում' շեշտելով, որ երկխոսության և համագործակցության հայկական ավանդույթը Լիբանանի ինքնության և գոյության հիմքերից մեկն է:

 

 

Այնուհետև ներկաներին իր պատգամը հղել է մարոնիների պատրիարք Բշարա Ռայը: Պատրիարքն իր զորակցությունն է հայտնել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով հայտարարված «Հիշում եմ և պահանջում» կարգախոսին:

 

 

Ելույթով հանդես է եկել նաև Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս-Պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ-ն: