ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունը նախազգուշացրել է Սիրիայի լիովին փլուզման վտանգի մասին և կոչ է արել Անվտանգության խորհրդին վճռական քայլեր ձեռնարկեÕ ¬ արաբական հանրապետությունում ճգնաժամը լուծելու համար:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, Սիրիայում 4-ամյա հակամարտության վերաբերյալ հայտարարության մեջ Պան Կի Մունը արյունահեղության մեկնարկի հիմնական պատասխանավությունը դրել է Դամասկոսի վրա և պնդել արդարադատություն ապահովել լուրջ հանցագործությունների բացահայտման համար:
«2011թ. մարտին հազարավոր սիրիացիներ դուրս են եկել փողոցներ՝ խաղաղ կոչ անելով քաղաքական բարեփոխումներ անցկացնել: Օրինական պահանջը բախվել է սիրիական իշխանությունների դաժան արձագանքին: Ժամանակի ընթացքում խաղաղ բնակիչները զենք են վերցրել, ապա միջամտել են տարածաշրջանային տերությունները, կազմավորվել են ծայրահեղական խմբավորումներ»,- նշել է Պան Կի Մունը:
Նա նաև նշել է 220 հազար զոհերի մասին և մտահոգություն է հայտնել հակամարտության պատճառով իրենց տներից հեռացող մարդկանց թվի օրեցօր աճի վերաբերյալ: «Ավելի քան 4 միլիոն մարդ ապաստան է գտել հարևան երկրներում, միևնույն ժամանակ ևս 7,6 միլիոն մարդ գաղթական է դարձել երկրի ներսում»,- նշել է նա՝ ավելացնելով, որ իշխանությունները պարտավոր են քայլեր ձեռնարկել, որպեսզի 4 տարում իրագործված հանցագործությունները անպատիժ չմանան:
Գլխավոր քարտուղարը նաև կարևորել է մարդասիրական գործողությունների իրականացումը:
«Սիրիացիներն իրենք և հատկապես նախագահ Բաշար ալ Ասադը պետք է վճռկան քայլեր ձեռնարկեն արյունահեղությունը դադարեցնելու և քաղաքական գործընթացի մեկնարկի համար»,- ասել է Պան Կի Մունը: