Այսօր Երևանում կայացավ Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության 128-ամյակին նվիրված հավաք, որի ընթացքում կուսակցությունը հայտարարեց իր հետահա անելիքների մասին: Կուսակցության ատենապետ Նարեկ Գալստանը նշեց, որ ՍԴՀԿ-ն այսուհետ առավել ակտիվ է լինելու սեփական տեսակետները հանրության լայն շրջանակներին ներկայացնելու հարցում: «ՍԴՀԿ վարչության անունից լիազորված եմ հայտարարելու, որ կուսակցությունն անհապաղ անցնում է հրապարակային միջոցառումների' սեփական տեսակետները ՀՀ քաղաքացիներին հնարավորինս ներկայացնելու նպատակով»,- հայտարարեց Նարեկ Գալստյանը' ավելացնելով, որ մայիսի 1-ին' Աշխատավորների միջազգային օրը, կլինի առաջին հավաքը:

 

Նա նշեց, որ հարուստ ավանդույթներ ունեցող կուսակցությունն անկախությունից ի վեր Հայասատանի քաղաքական դաշտում այնպես էլ չի զբաղեցրել իր արժանի տեղը: «Զավեշտ է, որ նման փառահեղ կուսակցությունը Լիբանանում ունի խորհրդարանական խմբակցություն, իսկ Հայաստանում անգամ չի մասնակցել վերջին խորհրդարանական ընտրություններին: Սա մեր մեծագույն բացթողումն է, մենք պետք է ՀՀ քաղաքացիների աջակցությունը ստանանք աշխատանքով, վստահությամբ, այլ ոչ թե փողով կամ վախեցնելով, ինչպես ընդունված է մեր քաղաքական դաշտի շատ դերակատարների մոտ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ' նշեց Նարեկ Գալստյանը:

 

Նա անդրադարձավ կուսակցության պատմությանը և դրա ընթացքում դիմագրավված փորձություններին: «Աշխարհում քանի՞ կուսակցություն կա, որ գոյատևում է 128 տարի, քանի՞ կուսակցություն կա, որ այդքան երկար շարունակում է գոյություն ունենալ' չնայած տեռորին, մահափորձերին ու դավաճանություններին: Եթե այդպիսիք անգամ կան, դրանց կարելի է հաշվել մեկ ձեռքի մատներով»,- նկատեց ՍԴՀԿ ատենապետը:

 

Նարեկ Գալստյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ ՍԴՀԿ-ն մասնակցելու է 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին: «Մենք խնդրելու ենք ՀՀ քաղաքացիների քվեն մեր ծրագրերի իրականացման համար: Սրա համար որևէ պայմանավորվածություն չի եղել ու չի կարող լինել' չնայած, վստահ եմ, որ սա շահարկումների տեղիք է տալու որոշ քաղաքական ուժերի կողմից, որոնք որևէ բարոյական իրավունք չունեն խոսելու այս երկրի ընդդիմության անունից»,- նշեց Նարեկ Գալստյանը:

 

ՍԴՀԿ հիմնադրման 128-րդ ամյակի առիթով կայացած կուսակցական հավաքի ժամանակ անդրադարձ կատարվեց երկրի առջև ծառացած մի շարք հարցերի: Հավաքի բացումն ազդարարեցին ՀՀ և ՍԴՀԿ օրհներգերը, որից հետո իր օրհնությունը բերեց Ոսկան արքեպիսկոպոս Գալփակյանը, ելույթ ունեցավ ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության վարչության անդամ Վարազդատ Փանոյանը, ՍԴՀԿ անտենապետ Նարեկ Գալստյանը, ինչպես նաև Կենտրոնական վարչության ատենապետ Հակոբ Տիգրանյանը:

 

ՍԴՀԿ-ն հայկական ավանդական կուսակցություններից մեկն է, ստեղծվել է 1887 թվականին Ժնևում' արևելահայ մի խումբ ուսանողների կողմից, և զբաղվելու էր Հայաստանի ազատագրության հարցով։ Կուսակցության գաղափարախոսության ձևավորմանը մեծապես նպաստել է հայ հասարակական-քաղաքական մտքի հեղափոխական-դեմոկրատական հոսանքը՝ ի դեմս Միքայել Նալբանդյանի, Րաֆֆու և ռուս հեղափոխական Ալեքսանդր Գերցենի գաղափարների։