Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը «Եվրո-2016» ընտրական փուլի շրջանակներում այս տարվա առաջին հանդիպումը կանցկացնի մարտի 28-ին' հյուրընկալվելով Ալբանիայի ազգային թիմին: Ընտրական փուլի այս հանդիպումը շատ կարևոր է Հայաստանի ազգային թիմի համար, քանի որ 3 խաղերից հետո Շալանդի սաները մրցաշարային աղյուսակի վերջին տեղում են: Ալբանացիները Դանիայի և Պորտուգալիայի հավաքականներից հետո զբաղեցնում են երրորդ հորիզոնականը: Ազգային թիմի առաջիկա հանդիպումից առաջ «Արմենպրես»-ը ներկայացնում է բացառիկ հարցազրույց Ալբանիայի ազգային թիմի գլխավոր մարզիչ Ջիանի դե Բիասիի հետ:

-Պարոն Բիասի, ի՞նչ գիտեք Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի մասին:

-Ես Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը շատ լավ գիտեմ: Լավ թիմ է, որը մեծ փոփոխությունների է ենթարկվել Եվրոպայի առաջնության որակավորման այս փուլում' գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի գլխավորությամբ, լավ ֆուտբոլիստների և թիմի աստղ Մխիթարյանի հետ:

-Ո՞ւմ կառանձնացնեք Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կազմում, ո՞ր ֆուտբոլիստին:

-Իմ կարծիքով' Հենրիխ Մխիթարյանը. Հայաստանի ազգային թիմի կազմում լավագույնը հենց նա է, սակայն Հայաստանի հավաքականն է, որ իրական ուժի տեր է: Անցկացրած բոլոր հանդիպումներում նրանք խաղային բարձր որակական հատկանիշներ են ցուցաբերել, և միշտ պարտվել են միայն չխփած գնդակի պատճառով:

-Ի՞նչ ակնկալիքներ ունեք Ալբանիա-Հայաստան առաջիկա խաղից:

-Գիտեմ և հասկանում եմ, որ այն լուրջ հանդիպում է լինելու մեզ համար, բայց մենք պետք է օգտագործենք այն հանգամանքը, որ խաղում ենք տանը:

-Արդյոք հետևե՞լ եք Դանիայի, Սերբիայի և Պորտուգալիայի հետ Հայաստանի հավաքականի հանդպումներին և ի՞նչ կարծիք ունեք այդ խաղերի վերաբերյալ:

-Այո, իհարկե, նայել եմ այդ հանդիպումները: Երեքն էլ շատ լավ խաղեր էին, և սեփական հարկի տակ Սերբիայի դեմ խաղում Հայաստանը արժանի էր հաղթելու: Պորտուգալացիների հետ խաղում էլ լավ խաղացին, և նույն եզրակացությունը կարելի է անել նաև Դանիայի հետ խաղի մասին:

-Եվ, Ձեր կարծիքով ո՞ր թիմերը կհաղթահարեն ընտրական փուլի արգելքը և դուրս կգան մեր խմբից:

-Իմ կարծիքով' Պորտուգալիան և Դանիան կգնան Ֆրանսիա' Եվրոպայի առաջնությանը, իսկ ահա երրորդ տեղի համար պայքարը անզիջում կլինի մյուս երեք թիմերի միջև:

Վարվառա Հայրապետյան, Սյունե Բարսեղյան