Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզն այցելում Է ԱՄՆ, ուղեւորության ընթացքում սպասվում է նրա հանդիպումը նախագահ Բարաք Օբամայի հետ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Չարլզը տիկնոջ՝ Կամիլայի հետ ԱՄՆ-ում կգտնվի մարտի 17-20-ին: Այցը կոչված է ընդգծելու Միացյալ Նահանգների հետ Մեծ Բրիտանիայի գործընկերության կարեւորությունը, այն նաեւ նվիրված է Ազատությունների մեծ խարտիայի 800-ամյակին»,- ասված է արքայազնի դիվանատան հայտարարության մեջ:
Ինչպես սպասվում է, բրիտանական գահի ժառանգորդը կայցելի ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոն, Մաունթ Վեռնոն, որտեղ գտնվում է ԱՄՆ-ի առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնի կալվածքը, ինչպես նաեւ Լուիսվիլ (Քենտուկիի նահանգ)՝ լեգենդար բռնցքամարտիկ Մուհամեդ Ալիի հայրենի քաղաք:
Վաշինգտոնում Չարլզին Սպիտակ տանը կընդունի ԱՄՆ-ի նախագահը: Սպիտակ տունն արդեն հաստատել է, որ հանդիպումը տեղի կունենա մարտի 19-ին:
Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, վերջին անգամ Չարլզն ԱՄՆ-ի նախագահի հետ հանդիպել է 2011 թվականին, այն ժամանակ նրանք քննարկել են էներգետիկայի եւ բնապահպանության հարցեր: