Բեյրութում մարտի 18-ի երեկոյան դաշնակցական երիտասարդների և թուրքական դեսպանատան պահպանության ուժերի միջև ընդհարումներ են տեղի ունեցել:
Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ լիբանանյան «Ազդակ» օրաթերթից:
Դաշնակցական երիտասարդների՝ ԼԵՄ-ականների և ԶՈՄ-ականների 60-հոգիանոց խումբը բողոքի ցույց է կազմակերպել Բեյրութի «Ա. Պէ. Սէ. Աշրաֆիե» հանրախանութի կինոդահլիճի մուտքի մոտ, որտեղ պետք է տեղի ունենար թուրքական դեսպանատան կողմից կազմակերպված «Սոն Մեքթուփ» («Վերջին նամակը») թուրքերեն ժապավենի ցուցադրությունը: Ժապավենը Գալիպոլիի ճակատամարտի մասին է, որի 100-ամյակի առիթն օգտագործելով՝ թուրքական արտաքին քաղաքականությունը փորձում է միջազգային հանրության ուշադրությունը շեղել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից և Թուրքիայի կատարած ոճրից:
Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հագուստ հագած դաշնակցական երիտասարդները անգլերենով ու արաբերենով բողոքի պաստառներ են բարձրացրել, ինչպես նաև Էրդողանին քննադատող նկարներով կանգնել են կինոյի սրահի մուտքի մոտ: Նրանք նաև հանրախանութում գտնվող մարդկանց բացատրական թռուցիկներ են բաժանել: Երիտասարդների գործողությունները զայրացրել են թուրքական դեսպանական պահպանության ուժերին, որոնք հարձակվել են խաղաղ ցուցարարների վրա: Լիբանանյան ներքին ապահովության ուժերը միջամտել և բաժանել են երկու կողմերին: Ոստիկանությունը մեկ թուրքի է ձերբա կալել, ևս մեկ թուրք միացել է նրան, երկու հայ երիտասարդներ վիրավորվել են:
Ավելի քան երկու ժամ տևած ցույցը գրավել է մեծ թվով մարդկանց ուշադրությունը:
Բողոքի ցույցի ժամանակ թուրք դեսպանը ստիպված մնացել է կինոյի սրահում մինչև ցույցի ավարտը:
Միջադեպը լուսաբանել են լիբանանյան տարբեր լրատվամիջոցներ: