Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելը երբեք դուրս չի եղել Հայաստանի իշխանությունների մտահոգությունների շրջանակից: Այս մասին մարտի 19-ին լրագրողների հեռ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը: «Այդ հարցը մեզ միշտ մտահոգել է, և այդ մտահոգությունը մենք ցանկացած ձևով միշտ արտահայտել ենք, թե փակ քննարկումների, թե ընդհանրապես տարբեր քննարկումների ընթացքում: Սակայն հանրապետութ յան Նախագահի խոսքն իրոք աննախադեպ էր այն առումով, որ դա պետք է մտահոգի ոչ միայն մեզ, այլ նաև Ադրբեջանին զենք վաճառող երկրին, այն դեպքում, երբ այդ զենքով Ադրբեջանը պատերազմի մեջ է մտնում մեր երկրի դեմ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Մելիքյանը:

 

Նա ևս մեկ անգամ վերահաստատեց այն միտքը, որ դա պետք է մտահոգի զենք վաճառող երկրին, քանի որ այդ զենքն օգտագործվում է հայ զինվորի, Հայաստանի սահմանների պաշտպանի դեմ: «Մեր զինվորի գիտակցության մեջ նստած է այն միտքը, որ իրեն կարող են սպանել ռուսական զենքով, ինչպես այդ մասին ասել է Նախագահը: Դա պետք է մտահոգի զենք վաճառող երկրին, քանի որ նա մեր ռազմավարական գործընկերն է»,- ասաց պատգամավորը:

 

Հարցին, թե այդ հարցով ռուսական կողմի հետ քննարկումներ սպասվո՞ւմ են, Մելիքյանն ընդգծեց, որ այդ հարցը երբեք քննարկումներից դուրս չի եղել: «Նման գործարքներ ամբողջ աշխարհում միշտ էլ լինում են, սակայն մենք պետք է մեր գործողություններով հասնենք նրան, որպեսզի որքան հնարավոր է տարբեր երկրների կողմից զենք քիչ վաճառվի հատկապես մեր դեմ թշնամաբար տրամադրված երկրներին»,- եզրափակեց Մելիքյանը:

 

ՀՀ Նախագահը մարտի 18-ին «Արարատի ստորոտին» միջազգային մեդիա ֆորումի ընթացքում իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանին Ռուսաստանի կողմից զենք վաճառելու կապակցությամբ: Սերժ Սարգսյանը ընդգծել է, որ դա կարող է վատ ազդեցություն ունենալ հայ-ռուսական հարաբերությունների վրա, քանի որ սահմանին կանգնած հայ զինվորը միշտ գիտակցում է, որ իրեն փորձում են ոչնչացնել ռուսական զենքով: Նախագահ Սարգսյանը նաև ընդգծել է, որ ՀՀ ԶՈՒ ստեղծումից ի վեր Հայաստանը երախտապարտ և շնորհակալ է Ռուսաստանին՝ օժանդակելու համար՝ ընդգծելով, որ տևական ժաման ակ հայերը և ռուսներն ապրել են կողք կողքի, ունեցել են ընդհանուր թշնամիներ, հակառակորդներ և իրենց երկրում արտադրված զենքերից իրար վրա չեն կրակել: