Հայաստանում տուբերկուլոզով հիվանդացության և մահացության ցուցանիշները վերջին տասը տարիներին աստիճանաբար նվազել են: Զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների իրազեկման համար «Տուբերկուլոզի արդի հիմնախնդիրները» թեմայով դասընթացի ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի» ՊՈԱԿ տնօրեն Արմեն Հայրապետյանը:

 

 

«Նախորդ տարի հիվանդացության ցուցանիշը 100 հազար բնակչի դեպքում կազմել է 34.7 դեպք: 2013-ին այդ դեպքերը կազմել են 36.6: Ամենաբարձր ցուցանիշը 2004-ից մինչ օրս գրանցվել է 2005-ին' կազմելով 62.4 դեպք»,-ասաց Արման Հայրապետյանը: Ինչ վերաբերում է տուբելկուլոզի բարեհաջող բուժման դեպքերին, ապա դրանք ևս ավելացել են: Եթե 2010-ին հիվանդությունը բարեհաջող բուժմամբ ավարտել է հիվանդացածների 71.7 տոկոսը, 2011-ին' 77 տոկոսը, 2012-ին' 79.4 տոկոսը, ապա 2013-ին 79.6 տոկոսը: «Առողջապահության համաշխարհային կազմակերպության թիրախը 85 տոկոսն է, մենք դեռ անելիքներ ունենք, որ հասնենք ու անցնենք այդ ցուցանիշը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ' նշեց Արման Հայրապետյանը:

 

 

«Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի» տնօրենի խոսքով' հիվանդությունը պահանջում է երկարատև բուժում, բայց հիվանդները հաճախ այն կիսատ են թողնում, որն էլ պատճառ է դառնում հիվանդության հետագա խորացման: «Հատկապես դեղակայուն տուբերկուլոզի բուժումը տևում է երկու տարի: Առաջին ամիսներին նկատելով առաջընթաց բուժման գործընթացում' հիվանդները հաճախ այն ընդհատում են ու օրինակ մեկնում արտագնա աշխատանքի, որի ժամանակ էլ մեծ է հիվանդության կրկնման վտանգը»,-շեշտեց Արման Հայրապետյանը:

 

 

Նրա տեղեկացմամբ' 2014-ին ավելացել են տուբերկուլոզ-ՄԻԱՎ համակցությամբ հիվանդների թիվը: Եթե 2013-ին տուբերկուլոզ հանդիպել է ՄԻԱՎ-ով հիվանդ 67 մարդու մոտ, ապա 2014-ին այդ թիվը կազմել է 90: Այս ցուցանիշի ավելացումը Արման Հայրապետյանը բացատրեց արտագնա աշխատանքի մեկնողների հանգամանքով:

 

 

ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Թաթուլ Հակոբյանը շեշտեց, որ տուբերկուլոզը բուժելի հիվանդություն է: «Այն դատավճիռ չէ մարդկանց համար, եթե ժամանակին ախտորոշվում է, ու անձը մտնում է բուժման ցիկլի մեջ' պահպանելով ռեժիմն ու ժամանակահատվածը»,-ընդգծեց նա:

 

 

Թաթուլ Հակոբյանի դիտարկմամբ' հիվանդությունն ունի քաղաքական, սոցիալական, տնտեսական բնութագրիչներ: «Այն երկրները, որոնք ունեն հիվանդացության բարձր մակարդակ, համարվում են հետամնաց: Երբ մարդիկ որոշում են կայացնում որևէ երկիր այցլելել, տուբերկուլոզը մալարիայի հետ այն հիվանդությունների շարքում է, որոնց տարածման ու բուժման ցուցանիշներին ուշադրություն են դարձնում ու եթե տեսնում են, որ հիվանդացությունը բարձր է, խուսափում են այդ երկրից»,-ասաց ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավարը:

 

 

Տուբերկուլոզը վարակիչ հիվանդություն է։ Հարուցիչը տուբերկուլոզի միկոբակտերիան է։ Առավել հաճախ ախտահարվում են շնչառական օրգանները, սակայն ախտաբանական պրոցեսի մեջ ընդգրկվում են նաև այլ օրգան համակարգերը։ Վարակի հիմնական աղբյուր է հանդիսանում թոքերի տուբերկուլոզով հիվանդ մարդը, որից վարակը փոխանցվում է օդակաթիլային, հազվադեպ՝ ալիմենտար(սննդի հետ) եղանակներով։ Միշտ չէ, որ օրգանիզմի վարակումը միկոբակտերիաներով բերում է հիվանդության առաջացման։

 

 

Այս առումով կարևոր նշանակություն ունեն կյանքի անբարենպաստ պայմանները և օրգանիզմի դիմադրողականության անկումը։ Հիվանդության առաջացմանը նպաստում են թերսնուցումը, երկարատև ֆիզիկական և էմոցիոնալ լարվածությունը, որոշ խրոնիկական հիվանդություններ: Տուբերկուլոզի բուժումն իրականացվում է բժշկական հսկողության տակ, սկզբում՝ հիվանդանոցում, այնուհետև՝ ամբուլատոր պայմաններում։ Տուբերկուլոզի բուժումը, որպես կանոն, կատարվում է հակատուբերկուլոզային դեղամիջոցներով: