Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանը ներկայացրեց միության ներկայիս հիմնական առաքելությունը: Լրագրողների հետ զրույցում Սեդրակյանն ընդգծեց, որ ՀԲԸՄ-ի առաքելությունը տարբեր ժամակներում տարբեր է եղել: «Դեռևս Հայաստանի անկախությունից առաջ մեր հիմնական նպատակը եղել է Սփյուռքի հայության ազգային գիտակցության պահպանումը: Ցեղասպանությունից հետո մեր առաքելությունը մեր ժողովրդին աջակցելն էր՝ հիմնել որբանոցներ, լեզուն պահպանել, ապահովել Սփյուռքի հայերի սոցիալական պայմանները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Սեդրակյանը:

 

 

Նա ընդգծեց, որ Հայաստանի անկախությունը փոխել է ՀԲԸՄ-ի առաքելությունը: «Անկախությունից հետո մեր միության աշխատանքը Սփյուռքում շարունակվեց նոր թափով, սակայն մենք մեկ ազգ ենք և չենք տարանջատում Սփյուռքն ու հայրենիքը: Վերջին հաշվով մեր նպատակն է հզոր հայրենիք ունենալը»,- ընդգծեց ՀԲԸՄ նախագահը:

 

 

Նա նշեց, որ Հայաստանում կա արտագաղթի, իսկ Սփյուռքում էլ հայապահպանության խնդիր: «Մեր խնդիրն է նոր սերնդին բերել իրենց արմատներին: Մեր բոլոր աշխատանքներն ուղղված են հզոր հայրենիքի կերտմանը»,- եզրափակեց Սեդրակյանը:

 

 

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը հիմնադրվել է 1906 թվականի ապրիլի 15-ին, Կահիրեում (Եգիպտոս)' հայտնի ազգային գործիչ Պողոս Նուբարի և եգիպտահայ համայնքի ականավոր ներկայացուցիչների նախաձեռնությամբ' հայ ժողովրդի հոգևոր և մշակութային զարգացմանը նպաստելու համար: Նրանց հիմնական նպատակն էր ստեղծել մի միություն, որը կոչված էր ամեն կերպ աջակցելու հայ ժողովրդին, որի գոյատևումը' իբրև Օսմանյան Կայսրության փոքրամասնություն, վտանգված էր: 1906-1912 թթ ՀԲԸ Միությունը Արևմտահայ գյուղացիությանն ապահովում էր սերմացուով, երկրագործական գործիքներով և այլն: Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում և Օսմանյան Կայսրության հայաշատ այլ շրջաններում ՀԲԸՄ-ն հիմնել էր դպրոցներ և որբանոցներ:

 

 

1914 թ-ին ՀԲԸՄ-ն ուներ 142 մասնաճյուղ Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում, ԱՄՆ-ում, Արգենտինայում, Եվրոպայում և Աֆրիկայում, ընդհանուր թվով' 8533 անդամ: Առաջին համաշխարհային պատերազմի տարիերը և հատկապես Մեծ Եղեռնը շրջադարձային եղան ինչպես ամբողջ հայ ժողովրդի, այնպես էլ ՀԲԸՄ-ի համար: 1914թ-ին Պողոս Նուբարը լքում է Եգիպտոսը և վերջնականապես տեղափոխվում Փարիզ: