Անցնող շաբաթը հագեցած էր բազմաթիվ հետաքրքիր իրադարձություններով: Կրկին շարունակվեց ԱՄՆ մի շարք նահանգների, աշխարհի տարբեր քաղաքների ու խորհրդարանների կողմից Հայոց ցեղասպանության փաստի ճանաչումն ու դատապարտումը: Պակաս հագեցած չէր նաև ներհայաստանյան քաղաքական ու հասարակական կյանքը:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից
Հայաստանում և ամբողջ աշխարհում շարունակվում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները: Ապրիլին 24-ին Երևանում սպասում են մի շարք երկրների բարձրաստիճան պաշտոնյաներից կազմված պատվիրակությունների: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Եժի Մարեկ Նովակովսկին հայտնեց, որ լեհերը կիսում են հայ ժողովրդի մեծագույն ցավը եւ ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում Լեհաստանը ևս կներկայանա բարձրաստիճան պատվիրակությամբ:
Լիբանանում հրատարակվող «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր եւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Լիբանանի հանձնախմբի փոխատենապետ Շահան Գանտահարյանն էլ հայտնեց, որ Լիբանանը պետական մակարդակով ներկա կգտնվի ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողությանը: Միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևան կժամանեն Լիբանանի ԱԳ նախարարն ու խորհրդարանական պատվիրակությունը:
Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցադրություն տեղի ունեցավ Փարիզի Հոլոքոստի հուշահամալիրում: Բացման արարողության պաշտոնական մասի ավարտից հետո ցուցադրվեցին Ավրորա Մարդիգանյանի «Խոշտանգված Հայաստան» գրքի հիման վրա 1919թ. նկարահանված «Հոգիների աճուրդ» և պատմավավերագրական «Ցեղասպանության որբեր» ֆիլմերը: Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցադրությունը Հոլոքոստի հուշահամալիրում կշարունակվի մինչև սեպտեմբերի 27-ը:
Ցեղասպանության տարելիցի միջոցառումների շրջանակում Փարիզի քաղաքապետարանում կցուցադրվեն Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ցուցանմուշները: «ՀԱՅԱՍՏԱՆ 1915. Փարիզ քաղաքը հյուրընկալում է Երևանի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածուն» խորագիրը կրող ցուցադրությունը Փարիզի բնակիչներին և քաղաքի բազմամիլիոնանոց զբոսաշրջիկներին կներկայացնի 20-րդ դարասկզբի Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացված ցեղասպանության դրվագները ներկայացնող թանգարանա յին նմուշներ ու լուսանկարներ: Ցուցադրությունը կբացվի Փարիզի Օթել դե Վիլում (Hôtel de Ville) ապրիլի 29-ին և կգործի մինչև հուլիսի 4-ը:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և Հարավային Կալիֆորնիայի համալսարանին կից «Շոա» հիմնադրամի միջև կնքված համաձայնագրի հիման վրա կթվայնացվեն Հայոց ցեղասպանությունը վերապրած շուրջ 250 անձանց հուշերը: Իսկ ահա Լոս Անջելեսի զբոսայգին կհյուրընկալի Ցեղասպանության ականատեսների 8-15 ոտնաչափ բարձրությամբ լուսանկարները: Մեկ ամիս տևողությամբ ցուցահնդեսի մեկնարկը կտրվի ապրիլի 25-ին. միմյանց հետ կապակցված ոչ համաչափ հուշարձանների վրա եռաչափ գրաֆիկայով կպատկերվեն Ցեղասպսանությունից ողջ մնացած ականատեսների լուսանկարները: Հուշարձանները չեն ունենալու ուղիղ անկյուններ, ինչը խորհրդանշելու է անհավասարակշիռ աշխարհը, որը մշտապես պատերազմի, էթնիկ զտման և ցեղասպանության վտանգի մեջ է:
Անցնող շաբաթ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած իսպանական քաղաքներին միացավ նաև Չիրիվեյան: Արգենտինական Կորդոբան եւ Սանտա Ֆեն քաղաքների խորհրդարաններն ապրիլի 24-ը պաշտոնապես ճանաչեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման օր: Մարտի 31-ին Հայոց ցեղասպանությունը հիշատակող բանաձև ընդունեց նաև Ամերիկյան Վերմոնտ նահանգի օրենսդիր մարմինը, իսկ ապա Նևադայում ապրիլի 19-26-ը հայտարարվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի շաբաթ: Ջորջիայում ևս ապրիլի 24-ը հայտարարվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: Նահանգի Ներկայացուցիչների պալատը ոգեկոչեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը և ընդունեց H.R. 904 բանաձևը: ԱՄՆ Հավայի նահանգի Սենատը ևս ապրիլի 4-ին միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության փաստը ճանաչող S.R. NO. 33 բանաձևը և ապրիլի 24-ը հայտարարեց Ցեղասպանության զոհերի հիշատակի օր:
Հայաստանում անցկացվող միջոցառումների շրջանակում ապրիլի 23-ին Ծիծեռնակաբերդում մեկնարկեց աշակերտական «Պատվո պահակ» հերթապահությունը: Ակցիայի շրջանակում հայ դպրոցականները մինչև ապրիլի 24-ը որպես պատվո պահակ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կոգեկոչեն Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում ՀՀ առողջապահության նախարարության համակարգող խորհուրդը բժշկական օգնություն է տրամադրում Հայոց ցեղասպանության ականատես-վերապրածներին: Ապրիլի 1-ին այցելություն կազմակերպվեց Արմավիրի մարզ, ուր ականատես-վերապրածների թիվն ամենամեծն է:
ԱՄՆ Սենատի Ներկայացուցիչների պալատի անդամ, կոնգրեսական Ադամ Շիֆը հայտարարեց, որ ապրիլի 22-ին պալատում մեկ ամբողջական ժամ կընթերցի Հայոց ցեղասպանության ընթացքում զոհված 1,5 միլիոն հայերի մի մասի անունները: «Ես հուսով եմ, որ զոհերի անունների հիշատակումը կօգնի միջազգային հանրության ուշադրությունը գրավել այս հանցագործության վրա»,-ասել է նա:
Ապրիլի 2-ին Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ ընդունեց Կիպրոսի խորհրդարանը: Կիպրոսում ցեղասպանությունը ժխտողները կպատժվեն հինգ տարվա ազատազրկմամբ եւ կվճարեն տուգանք 10000 եվրոյի չափով: Օրինագծի ընդունումը ողջունեց ՀՀ ԱԳ նախարարը: «Սա խորհրդանշական իրադարձություն է՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին։ Այս օրենքի ընդունմամբ Կիպրոսը կարևոր ներդրում կատարեց ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման վեհ գործում»,-հայտարարեց նախարարը: Կիպրոսի Հանրապետության եւ խորհրդարանի նախագահներին շնորհակալական նամակ հղեց Մեծ Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը' իր երախտիքը հայտնելով Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման կապակցությամբ:
Նախորդ շաբաթ հունահայ մի քանի հարյուր երիտասարդներ բողոքի ակցիա կազմակերպեցին Հունաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան դիմաց՝ կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Երիտասարդները 20-րդ դարի առաջին ցեղասպանության ճանաչման պահանջագիր ներկայացրին դեսպանատուն: Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և Ցեղասպանության զոհերին արժանի հարգանք մատուցել կոչ պարունակող համատեղ նամակով ԱՄՆ նախագահին դիմեցին 15 սենատորն եր: Սենատորներ Մենեդեսի և Գարդների նախաձեռնած նամակում շեշտվում է, որ չնայած Սենատն ունի Հայոց ցեղասպանության դատապարտման երկար պատմություն, այնուամենայնիվ, ԱՄՆ նախագահի վարչակազմը ֆորմալ կերպով այդ ոճրագործությունը չի անվանել «ցեղասպանություն»:
Գերմանական հեռուստաընկերություններից մեկը հայտարարեց, որ ԳԴՀ նախագահ Յոահիմ Գաուկը պլանավորել է մասնակցել ապրիլի 23-ին Բեռլինում կայանալիք Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման պատարագին: Այդպիսով Գաուկը կդառնա Մեծ Եղեռնի ոգեկոչման արարողություններին մասնակցած գերմանացի առաջին նախագահը:
Ներհայաստանյան իրադարձություններ
Անցնող շաբաթ աշխատանքային այցով Հայաստանում էր ՌԴ Դաշնային ժողովի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի գլխավորած պատվիրակությունը: Վերջինիս օդանավակայանում դիմավորեցին հայ խորհրդարանականները՝ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ: Օդանավակայանում ԱԺ փոխնախագահը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը խորհրդանշող անմոռուկ նվիրեց Սերգեյ Նարիշկինին:
Այցի շրջանակներում ՌԴ Պետդումայի նախագահը Գալուստ Սահակյանի հետ մասնակցեց Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակին նվիրված խորհրդաժողովին:
Սերգեյ Նարիշկինին Նախագահի նստավայրում ընդունեց Սերժ Սարգսյանը: Հանդիպմանը զրուցակիցները մտքեր փոխանակեցին միջազգային և տարածաշրջանային արդի խնդիրների ու մարտահրավերների, այդ թվում՝ Հարավային Կովկասի կայունությանն ու անվտանգությանը վերաբերող հարցերի շուրջ: Զրուցակիցներն անդրադարձան նաև հայ-ռուսական ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցերի:
Ավելի ուշ ԱԺ-ում կայացավ երկու երկրների խորհրդարանների ղեկավարների հանդիպումը: Մի շարք հարցերի շրջանակում քննարկվեց նաև ԼՂ հակամարտության հարցը: Այդ համատեքստում Աժ նախագահը կարեւորեց Ռուսաստանի կառուցողական դերը տարածաշրջանային անվտանգության ամրապնդման հարցում: Խոսելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների մասին՝ Սերգեյ Նարիշկինը նշեց, որ ոգեկոչման միջոցառումներին կմասնակցեն ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Պետական դումայի պատգամավորներ: Պետդումայի խոսնակը նշեց նաև, որ առաջիկայում կընդունվի համապատասխան փաստաթուղթ, որը կարտահայտի ռուսական կողմի վերաբերմունքը պատմական այդ իրողության նկատմամբ: Հայաստան կատարած այցի շրջանակներում ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահը Ծիծեռնակաբերդի բարձունքում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Երևանում անցնող շաբաթ կայացավ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Եվրոպայի տարածաշրջանի նախագահների համաժողովը, որի շրջանակներում Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն ընդունվեց:
Համաժողովի շրջանակներում ելույթով հանդես եկավ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Անդրադառնալով ֆրանկոֆոն մեծ ընտանիքի հետ Հայաստանի համագործակցությանը և կարևորելով համաժողովի' հատկապես 2015թ.-ին Երևանում անցկացումը' ԱԳ նախարարը խոսեց Հայոց ցեղասպանության մասին' նշելով, որ ցեղասպանությունների կանխարգելումը պետք է մշտապես լինի քաղաքակիրթ աշխարհի ուշադրության կենտրոնում և համախմբի նրա բոլոր ջանքերը՝ չստորադասելու այս վեհ մարդասիրական գործը աշխարհաքաղաքական որևէ հաշվարկների:
ԱԳ նախարարն իր ելույթում անդրադարձավ նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: «Դժբախտաբար, Ադրբեջանի ղեկավարությունը հրաժարվեց բարձրաստիճան հանդիպումների ընթացքում ստանձնած իր հանձնառություններից՝ հանգուցալուծելու այս հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով, և դիմեց իրավիճակը առավել սրելուն ուղղված հանցավոր սադրանքների, սակայն, չնայած Ադրբեջանի կողմից բանակցային գործընթացի տապալմանն ուղղված քայլերին՝ Հայաստանը' միջազգային հանրության հետ համատեղ, շարունակելու է ջանքերն' ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը»,-նշեց նախարարը:
Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությանն իր նստավայրում ընդունեց ՀՀ Նախագահը: Սերժ Սարգսյանն ընդգծեց, որ Հայաստանը մեծապես կարևորում է համագործակցությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության, վերջինիս գործընկեր կառույցների և Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի հետ: Անդրադառնալով Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումներին' Նախագահն ընդգծեց, որ ապրիլի 24-ին հայ ժողովրդի հետ միասին Ծիծեռնակաբերդի բարձունքից «այլևս երբեք»-ի կոչ են հղելո ւ բազմաթիվ երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ: Նախագահն իր խոսքում կարևորեց նաև Եվրոպայի տարածաշրջանի Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի նախագահների երևանյան նիստում ընդունված' Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարությունը:
ՀՀ կառավարությունն ապրիլի 2-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ հերթական նիստը գումարեց: Գործադիրը հաստատեց Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու որոշման նախագիծը: Կառավարության մեկ այլ որոշմամբ' Արամ Հարությունյանին այդ պաշտոնում կփոխարինի Աբովյանի քաղաքապետ Կարապետ Գուլոյանը: Նույն օրը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ' Արամ Հարությունյանը նշանակվեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ:
Նիստում ՀՀ կառավարությունը փոփոխություն կատարեց իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և ավելացրեց ԼՂՀ կառավարությանը տրամադրվող վարկի գումարը: Կառավարության որոշմամբ' 2015 թվականի ապրիլի 6-ի աշխատանքային օրը տեղափոխվեց շաբաթ' ապրիլի 11-ին: Նիստում ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ որոշումն ընդունվում է միայն Սուրբ Զատիկի տոնի հետ կապված, իսկ մյուս տաղավար տոներին հաջորդող մեռելոցների մասին հարցը դեռևս կքննարկվի:
Գյումրիում հունվարի 12-ին դաժան սպանդի ենթարկված Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդները մարտի 31-ին ծանոթացան տուժածների դիակների դատաբժշկական փորձաքննության եզրակացություններին: Շաբաթվա վերջին ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունը հրապարակեց Ավետիսյանների սպանության գործով դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունները, համաձայն որոնց, տուժողներից 6-ը մահացել են հրազենից ստացված, իսկ մանկահասակ տղա երեխան՝ կտրող-ծակող գործիքով պատճառված մարմնական վնասվածքների հետևանքով։
Ավետիսյանների սպանության հանգամանքները պարզելու համար ստեղծված խորհրդարանական աշխատանքային խմբի անդամ Սուքիաս Ավետիսյան անցնող շաբաթ Գյումրիում էր: Շիրակից վերադառնալուց հետո լրագրողների հետ կայացած հանդիպմանը նա նշեց, որ բավարար է համարում Ավետիսյանների սպանության գործով քննչական մարմինների աշխատանքը: Նա կարևորեց այն հանգամանքը, որ թե՛ հայկական, թե՛ ռուսական կողմը հակված են և պնդում են, որ Պերմյակովի դատավարությունը տեղի ունենա Գյումրիում, միգուցե, հենց ռուսական ռազմաբազայի տարածքում, իսկ դատավարությունը պետք է լինի բաց և թափանցիկ:
Գյումրիում նախորդ շաբաթ անցկացվեց «Ավետիսյանների ընտանիքի սպանության գործի ընթացքը» թեմայով քննարկում: Քննարկաման ժամանակ անդրադարձ կատարվեց գործի հետ կապված բոլոր հարցերին, ևս մեկ անգամ նշվեց, որ գործի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն իրավահաջորդների ներկայացուցիչները կստանան միայն նախաքննության ավարտից հետո:
Լեռնային Ղարաբաղի հակամարտություն
Շաբաթվա սկզբում ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում քրեական գործ հարուցվեց ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի կողմի մարտի 29-ին հայ զինծառայողի սպանության դեպքի աթռիվ:
Ադրբեջական կողմը հանդես եկավ հերթական հայտարարությամբ. Ապատեղեկատվություն տարածվեց այն մասին, թե իբր Արցախում մարտեր են տեղի ունեցել, որոնց հետևանքով հայկական կողմը 5 զոհ է տվել: Այս ապատեղեկատվությունը հերքեց ԼՂՀ ՊՆ-ն' նշելով, որ նման տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը և հակառակորդի պրոպագանդայի վառ երևակայության հերթական արգասիքն է:
Ադրբեջանն այսքանով չբավարարվեց: Նախորդ շաբաթ հայտնի դարձավ, որ ապրիլի 7-ին ցուցադրական դատ կանցկացվի 2014թ. անհայտ հանգամանքներում գերեվարված ԼՂՀ ԶՈւ նախկին պայմանագրային զինծառայող Արսեն Էդուարդի Բաղդասարյանի նկատմամբ: Մեկ այլ անհավանական երևույթ. ադրբեջանական մամուլը հայտնեց, որ Ադրբեջանի «մարդասեր» իշխանավորները որոշել են «նկարիչ» դարձնել օրերս պահակակետը ինքնակամ լքած եւ ադրբեջանական կողմին հանձնված հայ պայմանագրային զինծառայող Անդրանիկ Գրիգորյանին: Դրանով ադրբեջանցի վայ քարոզիչները հերթական անգամ թոզ են փչում միջազգային հանրության աչքերին' փորձելով իրենց սուլթանությունը ներկայացնել որպես ժողովրդավարական երկիր, որտեղ, իբր, հարգվում են բոլորի, այդ թվում' ռազմագերիների և պատանդների հիմնարար իրավունքներն ու սկզբունքները: Այնինչ, իրականությունն այնտեղ բոլորովին այլ է:
ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին տեղեկացրեց, որ ԿԽՄԿ ներկայացուցիչները Ադրբեջանում հանդիել են հայ գերու հետ: Իսկ Մինսկի խումբը Վիեննայում քննարկեց ղարաբաղյան հիմնահարցը: «Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացուցիչների հետ դրական քննարկումներ են տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում տեղի ունեցող դեպքերի և հետագա քայլերի մասին»,- «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել էր Մինսկի խմբի ԱՄՆ համանախահագահը: ԵԱՀԿ մամուլի ծառայությունից էլ հայտնեցին, որ ՄԽ համանախագահները Վիեննայում քննարկել են տարեվերջին Սարգսյան-Ալիև հանդիպման հնարավորությունը:
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ ապրիլի 3-ի գիշերը' ժամը 04:40-ին, հակառակորդը հերթական դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձը ձեռնարկեց' օգտագործելով հակահետևակային ականազերծման կայանք: Սակայն, կորուստներ կրելով, հետ շպրտվեց:
ԵԱՏՄ
Երևանում անցնող շաբաթ կայացած «ԵՏՄ շուկան առանց խոչընդոտների» քննարկման ժամանակ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ, նախարար Տատյանա Վալովայան հայտարարեց, որ ԵԱՏՄ-ում միասնական արժույթի մասին խոսելու համար դեռ պետք է երկար ճանապարհ անցնել' ընդգծելով, որ միասնական արժույթի անցնելու համար միության պետությունները դեռ պետք է արժութային կոորդինացիայի և ֆինանսական համակարգի վերափոխումների միջով անցնեն:
Տատյանա Վալովայան միաժամանակ նշեց, որ ԵԱՏՄ-ի երկրներում տնտեսական և ՀՆԱ-ի աճի ցուցանիշները 2015 թվականին կարող են զիջել նախորդ տարվա ցուցանիշներին, ուստի ԵԱՏՄ տարածքում տնտեսական տարին հեշտ չի լինելու: ԵԱՏՀ կոլեգիայի անդամը խոսեց նաև այս տարի Հայաստան-Ռուսաստան առևտրաշրջանառության ծավալների նվազման վերաբերյալ' նշելով, որ հիմա վերլուծվում են դրա պատճառները:
Անցնող շաբաթ հեռախոսազրույց կայացավ Հայաստանի եւ Ռուսաստանի վարչապետների միջև: Հովիկ Աբրահամյանն ու Դմիտրի Մեդվեդևը քննարկեցին ԵԱՏՄ-ի շրջանակներում ինտեգրացմանն առնչվող հարցեր:
ՀՀ վարչապետը նախորդ շաբաթ մասնակցեց «Եվրասիական տնտեսական հեռանկարներ» միջազգային համաժողովի շրջանակում կազմակերպված կլոր սեղան-քննարկմանը: Հանդես գալով բացման խոսքով և ողջունելով քննարկման մասնակիցներին' վարչապետն ընդգծեց. «Մեր գերխնդիրն է արդարացնել Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ժողովուրդների ակնկալիքները և շոշափելիորեն բարձրացնել մեր քաղաքացիների կենսամակարդակն ու բարեկեցությունը»:
Երևանում անցնող շաբաթ մեկնարկեց ԵԱՏՀ առընթեր ֆինանսական շուկաների գծով Խրհրդատվական խորհրդի նիստ' ԵԱՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության կոլեգիայի անդամ Թիմուր Սուլեյմանովի նախագահությամբ: Նիստում Թիմուր Սուլեյմանովը նշեց, որ միության երկրների ֆինանսական շուկաները դեռևս գտնվում են ինտեգրացիայի նախնական փուլում: Նա նաև ընդգծեց, որ միության ներսում բավականին առաջընթաց կա առևտրի և ծառայությունների փոխանակման ոլորտներում, իսկ ֆինանսկան շուկաները ներդաշն ակեցման փուլում են:
ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնական այցը Կիպրոս
Անցնող շաբաթ պաշտոնական այցով Կիպրոսի Հանրապետությունում էր ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը: Այցի առաջին օրը պատվիրակության անդամները հանդիպեցին հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Գալուստ Սահակյանն իր ողջույնի խոսքում շնորհակալություն հայտնեց Կիպրոսի հայերին՝ ազգապահպանության գործում կատարած անգնահատելի աշխատանքի համար: Խորհրդարանի ղեկավարը խոսեց նաև Հայաստանի Հանրապետության վերջին տարիների ձեռքբերումների, խնդիրների եւ դրանց լուծման ու ղիների մասին:
Այցի շրջանակներում ԱԺ նախագահը ելույթ ունեցավ Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատում, որի ժամանակ շնորհակալություն հայտնեց Կիպրոսին Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք ընդունելու համար: «Այստեղ խոնարհվում եմ կիպրացի ժողովրդի առջև ցեղասպանությունից մազապուրծ հայ գաղթականներին ապաստան, նոր կյանքի հնարավորություն և նոր հայրենիք տրամադրելու համար»,-նշեց ԱԺ նախագահը:
Կիպրոսում Գալուստ Սահակյանը հանդիպեց նաև Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուին: Քննարկելով միջխորհրդարանական համագործակցությանն առնչվող հարցեր' կողմերն անդրադարձան նաև հակամարությունների կարգավորման խնդրին: Այդ համատեքստում Աժ նախագահը շեշտեց, որ Հայաստանը կողմ է բանակցությունների ճանապարհով Կիպրոսի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը:
Կիպրոսի նախագահի հետ հանդիպմանն էլ մի շարք հարցերի շրջանակում անդրադարձ կատարվեց նաև Հայոց ցեղասպանության թեմային: Կիպրոսի Նախագահը ՀՀ ԱԺ պատվիրակությանն ուղղված ողջույնի խոսքում նշեց, որ Կիպրոսը եղել է եւ մշտապես կմնա Հայաստանի եղբայրական երկիրը եւ իր ուժերը կգործադրի բարեկամ երկրին աջակցելու համար: Նիկոս Անաստասիադիսը վերահաստատեց նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու իր որոշումը:
Կիպրոս կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահը մասնակցեց նաև Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «Կիպրոս-Հայաստան» միացյալ դրոշմանիշի թողարկման հանդիսավոր արարողությանը: ԱԺ նախագահը Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուի հետ Նիկոսիայում մասնակցեց նաև Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդեսի բացմանը: Յանակիս Օմիրուն իր խոսքում նշել է, որ Կիպրոսն անտարբեր չի եղել հայ ժողովրդի ողբերգության նկատմամբ և արդարության վերականգնման գործում աջակցում է եղբայրական հայ ժողովրդին:
Ուկրաինա
Ինչպես նախորդ, այս շաբաթ ևս ողջ աշխարհի ուշադրության կենտրոնում շարունակեցին մնալ Ուկրաինայում ստեղծված ճգնաժամային իրավիճակի շուրջ և դրանից բխող իրադարձությունները: Շաբաթվա սկզբին հայտարարությամբ հանդես եկավ ՄԱԿ-ը. կազմակերպության Հումանիտար հարցերի համակարգման վարչության հաշվետվության համաձայն, մարտի 21-27-ն Ուկրաինայի արևելքում զոհվել է 11, վիրավորվել 52 մարդ: Հաշվետվության մեկ այլ կետի համաձայն, ՄԱԿ-ը կդադարեցնի պարենի բաշխումն ինքնահռչակ Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների բնակիչներին՝ թերաֆինանսավորման պատճառով:
Ապրիլի 8-ին Մոսկվա կատարելիք այցի առնչությամբ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում Հունաստանի վարչապետը հայտարարեց, որ Հունաստանը համաձայն չէ Ռուսաստանի դեմ Արևմուտքի պատժամիջոցներին: Ալեքսիս Ցիպրասը նշեց, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները փակուղի են տանում: Ռուսաստանն ապրիլի 1-ին երկարաձգեց Ուկրաինայի համար ռուսական գազի մատակարարումների արտոնյալ ռեժիմը մինչև 2015 թվականի հուլիսի 1-ը: Ընդ որում , զեղչի տոկոսի չափը չպետք գերազանցի հազար խորանարդ մետրի դիմաց 100 դոլարը:
Սիրիա
Իրավիճակը կրկին լարված էր Սիրիայում: Կանադայի խորհրդարանը մարտի 31-ին պաշտպանեց Սիրիայում զինյալների դիրքերին ավիահարվածներ հասցնելու կառավարության պլանը: Նոր պլանի համաձայն, ԻՊ-ի դեմ Կանադայի առաքելությունը երկարաձգվել է մինչև 2016 թվականի մարտի 30-ը:
Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի կենտրոնում մարտի 30-ին երկու հրթիռ ընկելու հետևանքով մեկ մարդ զոհվեց, վիրավորվեց 30-ը: Սիրիայի կառավարության որոշմամբ' ապրիլի 2-ից փակվեց Հորդանանի հետ սահմանային «Նասիբ» անցումը: Նման որոշում ընդունվեց Հորդանանի իշխանությունների «միակողմանի գործողություններ» կատարելուց հետո:
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը մարտի 31-ին հայտարարեց, որ ԳՖՀ-ի կառավարությունը 255 մլն եվրո կհատկացնի սիրիացի փախստականներին օգնելու համար: Քուվեյթի Էմիր շեյխ Սաբահ ալ Ահմադ ալ Ջաբիր աս Սաբահն էլ հայտարարեց, որ նույն նպատակով Քուվեյթը կհատկացնի 500 մլն դոլարի օգնություն:
Սպորտ
Եվրոպայի 2016թ. ֆուտբոլի առաջնության ընտրական փուլի հերթական խաղում Ալբանիայի հավաքականից Հայաստանի թիմի կրած պարտությունից հետո ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին հրաժարականի դիմում ներկայացրեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը: Վերջինս ՀՖՖ պաշտոնական կայքի միջոցով հանդես եկավ հայտարարությամբ' երախտագիտության խոսք հղելով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի, ազգային հավաքականի մարզչակա ն կազմի և Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների հասցեին: Ռուբեն Հայրապետյանն ընդունեց Շալանդի հրաժարականը:
Հայկական ֆուտբոլում իր ներդրման, նվիրվածության և պրոֆեսիոնալիզմի համար Բեռնար Շալանդին իր երախտագիտությունը հայտնեց Հենրիխ Մխիթարյանը' համապատասխան գրառում կատարելով ֆեյսբուքյան իր էջում: Հրաժարականը ներկայացնելուց հետո Շալանդը շվեյցարական մամուլին տված մեկնաբանությամբ անդրադարձավ Հայաստանի ազգային թիմից հեռանալուն:
Այս իրադարձությանն անդրադարձավ ռուսական Sportbox.ru կայքը' առաջ քաշելով այն վարկածը, որը Հայաստանի ազգային հավաքականը կարող է գլխավորել Մոսկվայի «Սպարտակ»-ի և իսպանական «Մալյորկա»-ի նախկին գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը: Այս լուրերը մեկնաբանելով' Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հորդորեց չտրվել լրատվական հոսքերի ազդեցությանը, քանի դեռ ՀՖՖ նախագահի կողմից չի հնչեցվել Հայաստանի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզչի անունը: