ԷՔՍՊՕ-2015 համաշխարհային ունիվերսալ ցուցահանդեսի շրջանակներում, որը մայիսի 1-ից մինչեւ հոկտեմբերի 31-ը տեղի է ունենալու Միլանում, կանցկացվի մշակույթի միջազգային համաժողով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է Իտալիայի մշակութային ժառանգության, մշակութային գործունեության եւ զբոսաշրջո ւթյան նախարար Դարիո Ֆրանչեսկինին:

 

Նա հայտնել է, որ համաժողովին, որը տեղի կունենա հուլիսի 31- օգոստոսի 1-ին, հրավիրված են ԷՔՍՊՕ-ի մասնակից 140 երկրների մշակույթի նախարարները: «Իտալիայի կառավարությունն աշխատում է Միլան բերել մշակույթի 140 նախարարների: Համաժողովին կմասնակցի Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին»,- ասել է Ֆրանչեսկինին: Նրա խոսքով՝ Իտալիան ցանկանում է առաջատարություն ունենալ մշակույթի բնագավառում:

 

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, ԷՔՍՊՕ-2015 համաշխարհային ցուցահանդեսը կանցկացվի «Կերակրել մոլորակը, էներգիան հանուն կյանքի» նշանաբանով: Ցուցահանդեսի գլխավոր թեման կդառնան գյուղատնտեսությունը եւ սննդամթերքի արտադրության հարցերը: Ընդամենը ցուցահանդեսին մասնակցելու մասին հայտարարել են 140-ից ավելի երկրներ, որոնցից 53-ը կունենան սեփական տաղավարներ: