Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Յոահիմ Գաուկը եկող շաբաթ կարող է Հայոց ցեղասպանությունն անվանել իր անունով: «Արմենպրես»-ի փոխանցմամբˋ այս մասին գրում է գերմանական Der Tagesspiegel թերթը, հավելելով, որ Գերմանիայի նախագահի այս քայլը կարող է պատիվ չբերել գերմանական կառավարությանը, որն ամեն կերպ ցանկանում է խուսափել «ցեղասպանություն» բառից:

 

Արդյո՞ք նախագահ Գաուկը կարտասանի բառը, որից մեծ կոալիցիան ցանկանում է խուսափելˋ ՆԱՏՕ-ի գործընկեր Թուրքիայի հետ հարաբերություններից ելնելով: Օսմանյան կայսրությունում 1915 թվականին իրականացված Հայոց ցեղասպանությունը որպես ցեղասպանություն սահմանելու հարցը շաբաթներ շարունակ բանավեճի առարկա է եղել Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության (ԳՍԴԿ) և աջակողմյանների ու կենտրոնականների դաշինքի միջև: Կանցլերի գրասենյակի և Արտաքին գործերի նախարարության ճնշման ներքո «ցեղասպանություն» բառը հանվել էր Բունթեսթագում ներկայացվելիք նոր բանաձևից:

 

Գերմանիայի քրիստոնեական եկեղեցիների հրավերովˋ Գաուկը մասնակցելու է ապրիլի 23-ին Բեռլինի մայր տաճարում անցկացվող հայերի, ասորիների և հույների պատարագին' դառնալով Գերմանիայի առաջին նախագահը, ով մասնակցելու է Հայոց ցեղասպանության ոգեկոչման արարողությանը: Պատարագից հետո Գերմանիայի նախագահը հանդես է գալու ելույթով: Կոալիցիան հրավերի ընդունումն արդեն իսկ նշան է համարում, որ Գերմանիայի նախագահը կարտասանի ցեղասպանությունը բառը:

 

Քրիստոնեադեմոկրատական միության անդամ Էրիկա Շթայնբախը Der Tagesspiegel-ի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունն իր անունով չկոչելը «նվաստացուցիչ» կլինի և կվտանգի Մարդու իրավունքների ուղղությամբ Գերմանիայի վարած քաղաքականությունը:

 

Կառավարության դիրքորոշման հետ համաիտ չէ նաև ԳՍԴԿ Մարդու իրավունքների քաղաքականության խոսնակ Ֆրանկ Շվաբեն: «Գերմանական կառավարությունը պետք է ի զորու լինի հստակ անուն տալու Հայոց ցեղասպանությանը: Հակառակ դեպքում, մենք մեզ զրկում ենք ներկա և ապագա ցեղասպանություններն այդպես սահմանելու հնարավորությունից»,- ասել է նա: