ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը կոչ է արել նախագահ Բարաք Օբամային ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այս մասին հայտնել է asbarez.com-ը:

 

Կոնգրեսականը բաց նամակով դիմել է Միացյալ Նահանգների ղեկավարին՝ կոչ անելով այս խորհրդանշական տարում ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

 

«Նախագա՛հ Օբամա, 100-րդ տարելիցը ճիշտ ժամանակն է, որպեսզի ճանաչեք այդ սարսափելի դեպքերը` 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը: Զոհերի հիշատակը հարգելու միակ տարբերակն այդ սոսկալի դեպքերն իրական անունով կոչելն է»,- նշել է Ռոյսը:

 

Այնուհետ ամերիկացի պաշտոնյան ներկայացրել է մի շարք պատմական փաստեր, ինչպես նաև մեջբերել այն ժամանակ Օսմանյան կայսրությունում ԱՄՆ-ի դեսպանի խոսքերը. «Թուրքական իշխանությունները, հայերի տեղահանման հրամանն արձակելով, մահվան թուղթ տվեցին մի ամբողջ ազգի: Նրանք սա շատ լավ են գիտակցել ու ինձ հետ զրուցելիս չեն էլ փորձել քողարկել այդ փաստը»:

 

«Մենք չենք կարող ապագայում ճիշտ վարվել, եթե անտեսենք անցյալի տված դասերը: Մեր վարչակազմում ու Կոնգրեսում կան մարդիկ, ովքեր, չցանկանալով վատացնել հարաբերությունները Թուրքիայի հետ, թույլ են տալիս, որպեսզի Ապրիլի 24-ն անտեսված, չճանաչված մնա:

 

Փոխարենը, մենք պետք է օգտագործենք Ցեղասպանության 100-րդ տարելիցն ու փորձենք բարելավել հայ-թուրքական հարաբերությունները: Իսկ այդ ամենը սկսվում է Սպիտակ տան կողմից Ցեղասպանության ճանաչմամբ»,- նշել է կոնգրեսականը: