Մի քանի հազար մարդ է ապրիլի 26-ին հավաքվել Նյու Յորքի Թայմս սքուեր հրապարակում՝ հարգելու 1915 թվականաին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ԱՄՆ-ի հայ համայնքի կողմից կազմակերպված հիշատակի ակցիայի մասնակիցները երկրի կառավարությունից պահանջել են 1915 թվականի իրադարձությունները պաշտոնապես ճանաչել ցեղասպանություն:
Հրապարակում ելույթ ունեցածները՝ մտավորականության, ուսանողության, հասարակական եւ կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հայտարարել են, որ հայ ժողովրդի ողբերգությունը պետք է պատշաճ գնահատական ստանա համաշխարհային հանրակցության կողմից, որպեսզի նման բան այլեւս երբեք չկրկնվի:
Ակցիայի մասնակիցները, որոնք երթով անցել են Մանհեթենի կենտրոնական մասի մի քանի փողոցներով, տանում էին հայկական դրոշներ եւ պլակատներ՝ հարյուր տարի առաջ հայերի զանգվածային ոչնչացումը դատապարտող կարգախոսներով:
Ցուցարարներից շատերը տանում էին ցուցապաստառներ, որոնց վրա եղել են «Այլեւս երբեք», «Ճանաչեք ցեղասպանության փաստը», «Մենք երբեք չենք մոռանա», «Մեզ ուզում էին թաղել», «Թուրքիան մեղավոր է ցեղասպանության մեջ» մակագրությունները: Նրանցից ոմանք իրենց ձեռքերում բռնել էին զոհված ազգականների լուսանկարները: