Ապրիլի 30՝ ժամը 19.00-ին, Առնո Բաբաջանյան համերգասրահում կկայանա «Հույսի ձեռք» բարեգործական համերգը, որի ողջ հասույթը տրամադրվելու է հնգամյա Հասմիկի՝ արտերկրում բուժման ծախսերը հոգալու համար: Նա ԱՀԹ Դվինի ս. Հարություն եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Երվանդ քահանա Բաբայանի դուստրն է:

 

Համերգն ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ կազմակերպել է Մասիսի ս. Գևորգ եկեղեցու երիտասարդաց միությունը:

 

 

Համերգը կվարի Նազենի Հովհաննիսյանը: Ելույթ կունենան սիրված երգիչներ՝ ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը (Մրոն), Գոհար Հավհաննիսյանը, Ռուբեն Սասունցին և «Տավրոս» ազգագրական համույթը:

 

Սա թեմում կազմակերպվող բարեգործական համերգներից երրորդն է: Նախորդ տարի Տ. Նավասարդ Սրբազանի օրհնությամբ ԱՀԹ Զորավոր ս. Աստվածածին եկեղեցու երիտասարդաց միությունը «Նվիրիր Հույս» խորագրով բարեգործական երկու համերգ է կազմակերպել: Առաջինի հասույթը տրամադրվել է ՄԻԱՎ-ով ապրող երեխաների ընտանիքներին, իսկ երկրորդը՝ ծառայության ժամանակ թշնամու կրակոցների հետևանքով հաշմանդամ դարձած Գևորգ Եղիազարյանի ընտանիքին: Վերջինս ներառված էր նաև 2014թ.-ի «Մենք մեր զինվորի կողքին ենք» բարեգործական ծրագրում:


Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին