Երբ խոսում ենք պատերազմի նահատակների մասին, խոսում ենք իմ ընկերների մասին, ինձ համար շատ թանկ, շատ հարազատ մարդկանց մասին։ Անձամբ ճանաչել եմ նահատակներից շատ-շատերին։ Գիտեմ, թե մեր երկրին, պետությանը որքան օգուտ կարող էին տալ Թաթուլը, Արան, Մեխակը, Հայրոն, Մոնթեն, Լեոնիդը... Սրանք ազգի լավագույն զավակներն էին։ Այս մասին ԵԿՄ-ի տարելիցին ընդառաջSHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, զորավար, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը: Նա անդրադարձավ նաև ներքաղաքական զարգացումներին: Նրա հետ մեր զրույցը ներկայացնում ենք ստորև.


- Պարո՛ն գեներալ, քանի որ նախապես ցանկացաք խոսել երկրին վերաբերող հարցերից, ապա հետաքրքիր է, թե Ձեր կարծիքով, ինչպե՞ս անցան Ցեղասպանության 100-ամյա տարելիցի համահայկական կազմկոմիտեի նախաձեռնած միջոցառումները։

 

- Ապրիլի 22-24-ի միջոցառումներն աչքի ընկան լուրջ կազմակերպվածությամբ, առհասարակ՝ լրջությամբ։ Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատաոճը լիարժեք դրական արդյունքների բերեց հայ ազգի, հայոց պետականության համար։ Ընդհանուր առմամբ, փայլուն աշխատեցին ինչպես նախագահի թիմը, պետական այրերը, այնպես էլ՝ հոգևոր դասը՝ Ամենայն հայոց վեհափառի գլխավորությամբ: Ցեղասպանության անմեղ նահատակների սրբադասման արարողությանը մասնակցում էին աշխարհի շատ ու շատ կրոնական համայնքների հոգևոր առաջնորդներ, պատվիրակություններ, այդ թվում՝ պետական պատվիրակություններ։ Ողջ աշխարհի հայ և քույր եկեղեցիների միասնական զանգերի ղողանջն ազդարարեց, որ Ցեղասպանության փաստի միջազգային դատապարտման գործընթացն անկասելի է։ Ցեղասպանության միլիոնուկես անմեղ զոհերն արդեն սրբացած են: Իսկ ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի բարձունքում էին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երրորդ պետությունը՝ ԱՄՆ-ն, նույնպես պաշտոնական պատվիրակությամբ ներկա էր։ Կատարված աշխատանքի արդյունքը եղավ այն, որ ապրիլի 24-ի նախօրեին դարձյալ միջազգային հեղինակավոր կառույցներ, պետություններ ճանաչեցին և դատապարտեցին Հայոց ցեղասպանության փաստը։ Մի՞ թե կարելի է թերագնահատել Սուրբ Պետրոսի տաճարում Հռոմի Պապի մատուցած սուրբ պատարագի նշանակությունը։ Մի՞ թե քիչ նշանակություն ունի Եվրախորհրդարանի հերթական բանաձևը։ Կամ, եթե խոսենք ԵԽԽՎ հայտարարության մասին, ապա այս մի փաստաթուղթը բացառիկ է նրանով նաև, որ ընդունվել է մի կառույցի կողմից, որի անդամ է Թուրքիան։ Սա կարևոր նախադեպ է։ Իսկ ընդհանուր առմամբ, ես կարծում եմ, որ դեռ մինչև տարեվերջ շարունակվելու են 100-ամյակի միջոցառումներն ողջ աշխարհում։


- Իսկ 100-ամյակի երկրապահական միջոցառումների ամփոփում արե՞լ եք։

 

- Մենք ևս մինչ տարեվերջ շարունակելու ենք միջոցառումները բոլոր մարզերում, տարածքներում, Արցախում, արտերկրում։ Արցախի տարբեր բնակավայրերում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարեր ենք կանգնեցնելու, նույնը՝ Հայաստանի տարբեր բնակավայրերում։ Ինչ վերաբերում է արդեն արվածին, ապա հիշեք, որ առաջին խոշորամասշտաբ ակցիան հենց Երկրապահն իրականացրեց, երբ Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը Ծիծեռնակաբերդում տասնյակ հազարավոր պատանի երկրապահներ երդվեցին լինել պահանջատեր, հասնել պատմական արդարության վերականգնմանը։ Մեր բոլոր կառույցներում էլ գրական, գեղարվեստական միջոցառումներ ենք անցկացրել, շատ վայրերում խաչքարեր ենք տեղադրել, ծառատունկ ենք իրականացրել։ Նույնիսկ Երուսաղեմի սրբազան տարածքում Երկրապահն արդեն ունի իր կանգնեցրած խաչքարը, որի շուրջը նաև ձիթենյաց փոքրիկ պուրակ ենք հիմնել։


- Պարո՛ն Գրիգորյան, ներքաղաքական դաշտում, կարծես, պասիվություն է նկատվում: Ինչո՞վ եք դա բացատրում:

 

- Ես չէի ասի՝ պասիվություն: Ուղղակի այս պահին չկա սուր, կոշտ քննադատություն իշխանության հասցեին: Եվ դա բնական է: Ընդդիմություն կոչվածն էլ հայ մարդիկ են, մտածում են Հայաստան պետության մասին: Ինչպե՞ս կարելի է քննադատել այն իշխանությանը, որ պատվով հսկայածավալ հայրենասիրական գործ ձեռնարկեց և իրականացրեց: Ես, եռասերունդ Երկրապահ կամավորականների միությունը, հպարտության խոր զգացում ապրեցինք ՀՀ նախագահի և կաթողիկոսի աշխատանքից: Նախագահը շատ հմուտ առաջնորդ է: Նա հստակ հասկացրեց, որ տեր է հայ ազգին, հայոց անկախ պետականությանը, հայկական Արցախ պետությանը: 

 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում