Արդեն 15 օր է, ինչ քաղաքագետ, նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը հացադուլ է անում Գիտությունների ազգային ակադեմիայի մոտ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նա վստահեցրել է, որ իրեն նորմալ է զգում եւ գանգատներ չունի:
«Բնականաբար, սովորական վիճակից ավելի թույլ եմ, այդպես ակտիվ չեմ կարող լինել, բնական է այդքան ժամանակ հացադուլի մեջ գտնվող մարդու համար»,- ասաց Անդրիաս Ղուկասյանը:
Շտապօգնությունն այցելում է նրան օրը երկու անգամ' առավոտյան եւ երեկոյան, հարցնում են' գանգատներ ունի, թե՝ ոչ: Թեկնածուի ճնշումը վերջին օրերին կայունացել է: Բացի քաղաքացիներից եւ լրագրողներից' նախագահի թեկնածուին այցելում են բազմաթիվ քաղաքական գործիչներ, պաշտոնյաներ եւ այլք: Օրինակ' փետրվարի 4-ին նրան այցելել է «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը, «Ժառանգության» անդամ, նախկին պատգամավոր Ստեփան Սաֆարյանը, նույն կուսակցության մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը, Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը եւ այլք:
Թե ինչպես է նրան հաջողվել ձմռան ցրտի պայմաններում առանց հացի ապրել ԳԱԱ-ի շենքի դիմաց, նա բնորոշեց երկու բառով' կամք եւ կարգապահության: «Սահմանել եմ վարքագծի որոշակի կարգ եւ հետեւում եմ դրան, ամեն կերպ պահպանում եմ ջերմությունը եւ ունեմ խորին համոզմունք, որ այն պահանջը, որն առաջ եմ քաշել, ճիշտ է: Դա ինձ տալիս է հոգեբանական ուժ' հաղթահարել սովը եւ այս պայմանները: Դրանից բացի, վստահ եմ, որ երբեք կյանքում չեմ փոշմանի այս օրերի համար, իսկ ճիշտը նա է, ինչից կյանքում չես փոշմանում»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը հացադուլ է հայտարարել հունվարի 21-ին եւ պահանջում է, որպեսզի չեղյալ հայտարարվի գործող նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածության գրանցումը: