Մայիսի 8-ին Շուշիի ազատագրման տարեդարձի առթիվ ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ և ՀՀ ՊՆ աջակցությամբ թեմի երիտասարդներն Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի գլխավորությամբ Հաղթանակի գոհաբանական աղոթք վեր առաքեցին Շուշիի ս. Ղազանչեցոց եկեղեցում: Հաղթանակի աղոթք առաջին անգամ էր կազմակերպվել, սակայն երիտասարադները վստահ են, որ Հայաստանի ու Արցախի պատմության մեջ նման առիթներ բազմաթիվ են լինելու: Երիտասարդները հաղթանակի աղոթքում խնդրեցին Աստծուն, որ օրհնությամբ լցվի Արցախ աշխարհը, որ Աստծո շնորհը, սերն ու հավատքն ուժ տան իրենց, որ դառնան միակամ ու միաբան, որ մնան մեկ ազգ ու մեկ եկեղեցի…
Եռօրյա ուխտագնացության ընթացքում երիտասարդները հոգևոր ու ազգային երգերի համերգային ծրագրով այցելեցին ԼՂՀ ՊԲ զորամասեր: Ելույթ ունեցան ԱՀԹ «Ծաղկազարդ», «Արարատ» երգչախմբերը և «Վարք հայոց» ավանդական երգի-պարի խումբը: Զինվորները մեծ աշխուժությամբ ու ոգևորությամբ մասնակցեցին թեմի երիտասարդների կողմից կազմակերպած խաղերին՝ լախտի, քաշոցի, ֆուտբոլ, վալեյբոլ և այլն: Երիտասարդները զրուցեցին զիվորների հետ հոգևոր թեմաների շուրջ:
ԼՂՀ ՊԲ N զորամասում ԱՀԹ երիտասարդաց միությունների համակարգող, առաջնորդանիստ ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տ.Պետրոս ավագ քահանա Մալյանը պարգևատրվեց բանակ-հասարակություն սերտ կապերի համագործակցության համար պատվոգրով: Պատվոգրի արժանացան նաև «Ծաղկազարդ» համախումբն ու գեղ.ղեկավար Լիլիթ Գրիգորյանը՝ համերգային ծրագիր ներկայացնելու և անձնակազմի բարոյահոգեբանական ոգին բարձրացնելու համար:
ԱՀԹ «Արարատ» երիտասարդաց միության նախաձեռնած «Նամակ զինվորին» ծրագրով զինվորներին փոխանցեցին մանկատների, գիշերօթիկ դպրոցների ու երեխաների խնամքի կենտրոնների սաների քաջալերող նամակները: Այս անգամ նամակներ էին գրել թեմի երիտասարդց միությունների անդամները:
Ուխտավորներն այցելեցին նաև Տիգրանակերտ: Մայիսի 10-ին Գանձասարի ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում մասնակցեցին ս. պատարագի: