«2011 թ-ին մարդահամար եղավ, էդ տվյալներով առկա բնակչության թիվը 2.8 մլն է, իսկ 2001-ին իրականացված սոցհարցումներով՝ մշտական բնակչության թիվը Հայաստանում 3 մլն 200 հազար էր: Բայց երբ որ հաշվի ենք առնում բնական աճի գործոնը՝ անտեսելով միգրացիան, ապա 2001-2011թթ. ժամանակահատվածում բնական աճի հաշվին մեր հանրապետությունում բնակչության թիվը առնվազն պետք է ավելանար 300-400 հազարով, պետք է լիներ 3 մլն ու կես, բայց տեսնում ենք, որ հակառակը՝ պակասել է՝ 2 մլն 800 հազար է: Այսինքն վերջին 10 տարիների ընթացքում՝ 2001-2011թթ., պակասել են 700 հազարով, դա նրանից է, որ արտագաղթի տեմպերը անընդհատ աճ են գրանցում»,- galatv.am-ի հետ զրույցում կարծիք հայտնելով՝ ժողովրդագրական որոշ տվյալները ներկայացրեց ժողովրդագրագետ Արտաշես Բոյաջյանը: Ավելի կարևորը, ըստ նրա, արտագաղթի դրդապատճառներն են՝ քաղաքական, սոցիալական և տնտեսական: «Հիմնականում դա պայմանավորված է սոցիալականով՝ աշխատատեղերի բացակայություն, ցածր աշխատավարձ, փոքր շուկա...

Կարծում եմ, որ բնակչության քանակական ցուցանիշն ենք տեսնում, երբ որ որակական ցուցանիշն էլ վերլուծենք, կտեսնենք, որ վիճակը շատ ավելի վատն է, մենք դարձել ենք սպառող հասարակություն, դա ցավոտ իրականություն է:

20-50 տարեկան ակտիվ աշխատունակ մարդիկ՝ արտադրող շերտը և գիտական շերտի մարդիկ, որոնք հիմնականում ավելի որակյալ աշխատող են, գնում են»:

Արտաշես Բոյաջյանի համոզմամբ՝ ՀՀ քաղաքացիների մեծ մասին տանողը ռուսական կողմն է: Արտագաղթողների շուրջ 70 տոկոսը հեռանում է ՌԴ:

«Մերձմոսկովյան մի մարզում 15 տարի առաջ 3-4 տուն կար, ասում էր իմ ընկերներից մեկը, ով վաղուց այնտեղ է, այն օրն իր հետ խոսեցի, ասում է՝ հիմա արդեն 10 հազարանոց հայ համայնք կա: Գների թանկացումը ուղիղ համեմատական է արտագաղթի տեմպերին ու ծավալին»:

Ժողովրդագրագետը համամիտ է նաև այն մտքի հետ, որ Սերժ Սարգսյանի ամենացավոտ կողմը հենց արտագաղթն է, այդ իսկ պատճառով նա «Ապահով Հայաստան» քարոզելու ժամանակ բարկանում է, երբ իրեն հարցնում են արտագաղթից: «Ապահով Հայաստա՞ն». դա ի՞նչ է, դա զուտ լոզունգ է, ոնց որ «Բելայա պարտյա Գորբաչով»: «Ապահով Հայաստան». դրա մեջ բովանդակային ոչ մի բան չկա: Էն անգամ էլ ասում էին՝ «Առա՛ջ, Հայաստան»: Խոսք է՝ ասում են էլի: Հայաստանից արտագաղթը կարելի է դադարեցնել միայն մի դեպքում, երբ ընտանիքի միջին եկամուտը կազմի շուրջ 400 հազար դրամ, այդ դեպքում Հայաստանից արտագաղթը կդադարի»:

Քրիստինա Մկրտչյան