«Վերջին զանգի» հանդիսությունների շրջանակում կազմակերպված «Արիության դասը», Արցախյան ազատամարտում զոհվածների հիշատակին նվիրված խաչքարի բացումը, ինչպես նաև ժամանակակից տեխնիկայով կահավորված դասարանում տեղադրված Արմեն Հովհաննիսյանի կիսանդրին անկասկած բոլորիս պետք է ուղղորդեն դեպի հերոսություններ:

 

Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան №11 հիմնական դպրոցում կայացած «Վերջին զանգի» միջոցառմանն այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «Մենք ունեցանք Մոնթե, Գոռ, Արմեններ, Հրաչյա, և բոլորն այս դպրոցում նրանց անուններն են հնչեցնում, որովհետև նրանց անուններով կարող ենք կերտել մեր ապագան: Նրանք հանգչում են Եռաբլուրում, սակայն նրանք փարոս են մի մեծ սարի գագաթին, որին դեռ հասնել է պետք ամենօրյա քրտնաջան աշխատանքի շնորհիվ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' նշեց նա և հավելեց, որ խրամատներում կանգնած հայ զինվորը երբևիցե չի սադրում: «Նա միշտ ցանկանում է իր հայրենիքը խաղաղ վիճակում տեսնել, բայց եթե դիմացինն ըմբոստանում է, ապա նա պատրաստ է պաշտպանել իր երկրի սահմանները»,- շեշտեց Օհանյանը:

 

Նա իր երախտագիտությունը հայտնեց դպրոցի ողջ մանկավարժական կոլեկտիվին կազմակերպված «Արիության դասի» համար: «Մոնթեի անունը կրող դպրոցում դժվար էր պատկերացնել որևէ այլ միջոցառում: Այն մթնոլորտը, որը տիրում է այս դպրոցում, ապացուցում է, որ հայ ժողովրդի պատմության պատգամները պատշաճ մակարդակով են փոխանցվել դպրոցի ողջ անձնակազմին, և նմանատիպ դասերի անցկացումը պետք է տարածել մեր հանրապետության բոլոր հիմնական և ավագ դպրոցներում»,- ասաց նախարարը:

 

Իր հերթին Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան №11 հիմնական դպրոցի տնօրեն Ռուզաննա Ազիզյանը նկատեց, որ իրենց դպրոցում արդեն ավանդույթ է դարձել վերջին զանգը անցկացնել որևէ հետաքրքիր խորագրի ներքո: «Այս տարվա վերջին զանգի հանդիսությունները մեր դպրոցում անցնում են «Արիության դաս» խորագրով: Դպրոցն ակամայից դարձել է ռազմական խորացված ուսուցմամբ դպրոց, որովհետև այս մանկավարժական դպրոցի կոլեկտիվի գլխավոր առաքելությունը հայրենապաշտ զինվոր և քաղաքացի դաստիարակելն է»,- ընդգծեց նա:

 

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան մայիսի 22-ին այցելեց Երևանի Մոնթե Մելքոնյանի №11 հիմնական դպրոց՝ մասնակցելով դպրոցում կայացած «Վերջին զանգի» միջոցառմանը, Արցախյան ազատամարտում զոհվածների հիշատակին նվիրված խաչքարի և այս տարվա հունվարին դիվերսիայի հետևանքով զոհված զինծառայող Արմեն Հովհաննիսյանի անվան դասարանում կիսանդրու բացման հանդիսավոր արարողություններին: