Հարավային Կովկասի երկրների համար «Եվրատեսիլ» երգի մրցույթը կարևոր նշանակություն ունի. այն լավ հնարավորություն է այդ երկրների համար տեսանելի և լսելի լինել միջազգային հարթակում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին նշում է հայտնի անգլալեզու Foreign Policy կայքն իր «Հայոց ցեղասպանությունը` որպես ուժի բալլադ» հոդվածում:

 

 

«Եվրատեսիլը հարթակ և հնարավորություն է ընձեռում հավասարը հավասարի հետ լինել և նույն մակարդակի վրա մրցել Ռուսաստանի, Շվեդիայի և Միացյալ Թագավորության հետ: Ինչը նրանք չեն կարող անել Աշխարհի գավաթի կամ Օլիմպիական խաղերի ժամանակ»,- ասել է Լոնդոնում հաստատված մեկնաբան և երգի մրցույթի մասնագետ Փոլ Ջորդանը, ով իր թեզի թեմայի պատճառով հայտնի է որպես «Դոկտոր Եվրատեսիլ»:

 

 

Այն, թե որքան կարևոր նշանակություն ունի մրցույթը մեր տարածաշրջանում, ցույց են տալիս նաև մրցույթի կազմակերպչական ծախսերը: Երբ 2011 թվականին Ադրբեջանը հաղթեց մրցույթում, ձեռք բերելով հաջորդ տարում իր տարածում անցկացնելու իրավունքը, դա նրա վրա նստեց մոտ 721 մլն դոլար, որից միայն 277 միլիոնը ծախսվել էր նոր համերգասրահի կառուցման համար: Համեմատության համար նշենք, որ 2010 թվականին մրցույթը հյուրընկալած Նորվեգիան ծախսել էր ընդամենը 37 մլն դոլար:

 

 

Foreign Policy-ն նշում է, որ երգի մրցույթի պատմությունը հարուստ է նաև քաղաքական բնույթ կրող բախումներով և միջադեպերով: Այս անգամ` երգի մրցույթի 60-րդ հոբելյանական տարում, Հայաստանն Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում անցկացվող «Եվրատեսիլ- 2015»-ին մասնակցում է խորհրդանշական կազմով և երգով: «6 կատարող, 6 ճակատագիր, 1 պատմություն» կարգախոսի ներքո եվրատեսիլյան բեմում կմիավորեն երկրագնդի 5 աշխարհամասերը խորհրդանշող խմբի անդամներիը՝ Եսայի Ալթունյան, Թամար Կապրելյան, Վահե Թիլբյան, Ստեֆանի Թոփալյան, Մերի-Ջին Օ'Դոհերթի Վասմաթզյան և Ինգա Արշակյ ան: Միմյանցից տարբեր ոճերով 6 երգիչներին միավորում են երաժշտությունն ու արմատները, սերն ու համերաշխությունը: Թուրքիան 2013 թվականից չի մասնակցում մրցույթին:

 

 

2009 թվականին Արբեջանի թիմը պաշտոնական բողոք էր ներկայացրել մրցույթի կազմակերպիչներին, պահանջելով հանել կիսաեզրափակչում Հայաստանը ներկայացնող տեսահոլովակում պատկերված Լեռնային Ղարաբաղը խորհրդանշող «Մենք ենք մեր սարերը» արձանը: Եզրափակչում արձանը արդեն հանվել էր, սակայն քվերակության արդյունքները ներկայացնող երգչուհի Սիրուշոն ձեռքին պահում էր բացիկ, որի վրա պատկերված էր հուշարձանը:

 

 

Նույն տարում Եվրոպական հեռարձակողների միությունը տուգանել էր Ադրբեջանի ազգային Ictimai Television հեռարձակողին Հայաստանին ուղղված ձայները թաքցնելու համար: Իսկ անցած տարի Հայաստանի ներկայացուցչի օգտին քվեարկած ադրբեջանցիները, հայտնել են, որ իրենց հարցաքնության են կանչել ազգային անվտանգության նախարարությունից:

 

 

2012 թվականին Հայաստանը չմասնակցեց Բաքվում անցկացվող երգի մրցույթին: Մրցույթից ամիսներ առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ «աշխարհի հայերը մեր թշնամիններն են»:

 

 

Երգի մրցույթի շրջանակում քաղաքական լարվածությունից զերծ չի մնացել նաև հարևան Վրաստանը, ով 2009 թվականին մրցույթին ներակայցել էր «We Don`t Wanna Put In» երգով, ինչն ակնարկ էր 2008թ. վրաց-ռուսական պատերազմի մասին: Չնայած դրան` Վրաստանը պնդում էր, որ երգը քաղաքական պնդումներ չի կրում: «Հարավային Կովկասի համար «Եվրատեսիլը» կյանքի դիվանագիտություն է,- ասել է տարածաշրջանային հարցերով վերլուծաբան Արզու Գեյբուլաևան,- քանի որ մենք սովոր ենք քաղաքականացնել ամեն ինչ… այս մրցույթը նույնպես դարձել է գործիք ցույց տալու, թե ով է ավելի ուժեղ, լավը և արագ»:

 

 

Այսպիսով, պատմական թշնամիներով և սառեցված հակամարտություններով հարուստ տարածաշրջանում «Եվրատեսիլ» մրցույթն առանձնակի նշանակություն է ստանում, որտեղ գերակա նպատակը ոչ թե հաղթանակն է, այլ ազգային արժանապատվությունը պաշտպանելը: