Google-ի որոնողական համակարգը Հնդկաստանում սկանդալի կենտրոնում է հայտնվել այն բանից հետո, երբ Հարավային Ասիայի այս հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդին պատահաբար հայտնվել է որոնիչի վարկածով տասն ամենավտանգավոր հանցագործների ցուցակում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Կառավարության ղեկավարի լուսանկարն առաջին է հայտնվել ի պատասխան Google-ի օգտատերերի՝ «Հնդկաստանի թոփ-10 հանցագործներ» հարցման: Մի քանի օրում այս տեղեկատվությունը շրջել է ամբողջ Համացանցով և գլխավորել Հնդկաստանում Twitter միկրոբլոգների կայքում ամենատարածված թեմաներից մեկի վարկանիշը:
Հուջարաթի նահանգից վարչապետի հայրենակիցները, որտեղ նա չորս անգամ վերընտրվել է գլխավոր նախարար, պահանջել են անհահապաղ միջոցներ ձեռնարկել այդ որոնման արդյունքներից Մոդիի նկարը հանելու համար: Ի վերջո որոնողական համակարգի ղեկավարությունը ներողություն է խնդրել «ծագած շփոթության և տեղի ունեցած թյուրիմացության համար»:
Ինչպես պարզվել է, Մոդիի լուսանկարը ցուցակում է հայտնվել այն բազմաթիվ հայտարարությունների պատճառով, որոնք նա արել է հանցագործներին բռնելու գործողությունների կապակցությամբ: Հաճախ զանգվածային լրատվամիջոցները նման կարգի ելույթներին կցել են իր իսկ վարչապետի լուսանկարները, ինչն էլ արդյունքում սխալի է հանգեցրել տվյալների պահոցում:
Նարենդրա Մոդին 2014 թվականին երկրորդ տեղն է զբաղեցրել այն մարդկանց ցուցակում, որոնց վերաբերյալ տեղեկատվությունը Google-ում ամենից հաճախ են որոնել Հնդկաստանի բնակիչները: Նա զիջել է սոսկ բոլիվուդյան դերասանուհի Սաննի Լեոնեին: