Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացությամբ ԱԺ քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկեց «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթը:

 

Հիմնական զեկուցող, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը նշեց, որ օրենսդրական նախաձեռնության նպատակն է վերացել գործող օրենքների կիրառման ընթացքում ի հայտ եկած խնդիրները, բարձրացնել քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը: «Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է որոշակի կատեգորիայի քաղաքացիների համար համալրել անձնագիր և նույնականացման քարտ տրամադրելիս պահանջվող փաստաթղթերի ցանկը: Մասնավորապես, մինչև 16 տարեկան քաղաքացուն անձնագիր, ինչպես նաև անգործունակ ճանաչված քաղաքացուն անձնագիր կամ նույնականացման քարտ տրամադրելիս պահանջվելու է այլ օրինական ներկայացուցիչ հանդիսանալու փաստը հավաստող փաստաթուղթ, խնամակալ կամ հոգաբարձու հանդիսանալու փաստը հավաստող փաստաթուղթ, քաղաքացիների կողմից տվյալների անճշտության կամ փոփոխության հիմքով կամ նույնականացման քարտ փոխանակելիս' անճշտությունը կամ փոփոխությունը հավաստող փաստաթուղթ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Եղիազարյանը:

 

Օրենքի նախագծով սահմանվում է նաև, որ անձնագիր կամ նույնականացման քարտ ստանալու դիմում տալու համար կառավարության կողմից սահմանված դեպքերում և կարգով քաղաքացիներին հնարավորություն տալ լուսանկարվել և մատնանշումը կատարել իրենց գտնվելու վայրերում, ներդրվում է շարժական համակարգ:

 

Նախատեսվում է սպառիչ սահմանել անձնագիր կամ նույնականացման քարտ տրամադրելու մերժելու հիմքերը, ինչպես նաև համապատասխան անձնագրային գործողությունների դիմումն ընդունել օրենքով նախատեսված փաստաթղթերն ամբողջական ներկայացնելուց հետո:

 

Նախագծով գործող օրենքներից հանվում են նույնականացման կամ անձնագիր ստանալու դիմում տալուց հետո փաստաթղթերը մեկ տարի չվերցնելու հիմքով դրանք անվավեր ճանաչելու դրույթները՝ քաղաքացիներին հնարավորություն տալով իրենց անվամբ տպագրված փաստաթղթերը ստանալ նաև մեկ տարին լրանալուց հետո՝ մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը: