Մարդու իրավունքների եվրոպական դատարանում կրկին բաց լսումներ տեղի կունենան «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» և «Չիրագովն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի» անվանումով գործերով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Եվրոպայի խորհրդից, բաց լսումները տեղի կունենան հունիսի 16-ին:
Եվրոպական դատարանում քննարկվելիք երկու գործերն էլ առնչվում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ, մասնավորապես' հակամարտության ակտիվ փուլում քաղաքացիների սեփականության իրավունքներին առնչվող խնդիրների հետ:
Ադրբեջանի դեմ ՀՀ քաղաքացի Մինաս Սարգսյանի հայցով Եվրոպական դատարանի առաջին լսումը կայացել է 2010թ.-ի սեպտեմբերին: Մ. Սարգսյանը 2006 թվականի օգոստոսի 11-ին հայց է ներկայացրել իր տան քանդման և սեփական բնակավայրից բռնի արտաքսվելու, իր սեփականությունը տնօրինելու և օգտագործելու իրավունքի ոտնահարման, անձնական և ընտանեկան կյանքի իրավունքի ոտնահարման, Ադրբեջանում մի շարք հայկական գերեզմանատների վերացման, բռնի ուժով հայերին սեփական բնակավայրերից արտաքսելու, ազգային և կրոնական պատկանելության պատճառով խտրականությունների, ինչպես նաև հայերի հանդեպ կիրառված բռնության փաստերի նկատմամբ կառավարության անգործության դեմ: Ադրբեջանն այդ հայցի լսումների ընթացքում հանդես է գալիս որպես պատասխանող, Հայաստանը՝ 3-րդ կողմ:
«Չիրագովն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործի մեղադրող կողմի ներկայացուցիչներն Ադրբեջանի 7 քաղաքացի են, ովքեր բոլորն էլ ներկայացել են որպես Լաչինի նախկին քրդեր, իրենց գանգատում պնդել են, որ մինչև հակամարտությունը իրենք բնակվել են Լաչինում, որտեղ ունեցել են գույք' բնակարան, ավտոմեքենա և այլն: Պատերազմի արդյունքում նրանք ստիպված են եղել լքել իրենց ունեցվածքը, և այժմ չկա մոտակա ժամանակահատվածում իրենց կողմից իրենց գույքը տնօրինելու հնարավորություն ստանալու հեռանկար: