Վրացի ուժայինները Պանկիսի կիրճում ձերբակալել են հինգ հոգու, որոնց թվում է «Իսլամական պետության» (ԻՊ) դաշտային հրամանատարներից մեկի՝ Թարխան Բատիրաշվիլիի, որն ավելի հայտնի է որպես Օմար ալ Շիշանի, զարմիկը: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է «Ռուսթավի 2» հեռուստաալիքը:
Հատուկ գործողությունը, որին մասնակցել է իրավապահ մարմինների շուրջ 100 աշխատակից, շարունակվել է մի քանի ժամ, հաղորդել է «Ինտերֆաքսը»: Բացի Թարխան Բատիրաշվիլիի ազգականից, ինչպես հաղորդել է BBC-ի ռուսական ծառայությունը, ուժայիններին հաջողվել է բռնել Գայոզ Բորչաշվիլիին՝ Վրաստանում ԻՊ-ի ենթադրյալ ներկայացուցչին: Ձերբակալվածներին կասկածում են ԻՊ-ի հետ կապերի և տեղացի բնակիչների հավաքագրման մեջ:
Վրացական լրատվամիջոցների տվյալներով՝ ահաբեկչական խմբավորման հետ կապված անձանց ձերբակալումներ են կատարվում Թբիլիսիում և Թելավի շրջանում: