Թուրք-սիրիական սահմանի մերձակայքում գտնվող Քոբանի քրդաբնակ քաղաքում հունիսի 25-ին բախումներ են սկսվել «Իսլամական պետության» անդամների և քրդական ուժերի միջև: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին տեղեկացրել է Մարդու իրավունքների պաշտպանության սիրիական մոնիթորինգի կենտրոնը: Աղբյուրի տեղեկացմամբ՝ ահաբեկիչները գիշերվա ընթացքում հարձակվել են քաղաքի վրա՝ ականապատ մեքենա պայթեցնելով թուրք-սիրիական անցումի մերձակայքում: Կան տասնյակ զոհեր ու վիրավորներ պայթյունի և բախումների հետևանքով:
Արաբական մեկ այլ աղբյուրի տեղեկացմամբ' պայթյունի հետևանքով ութ մարդ զոհվել, շուրջ 40-ը վիրավորվել է: Տեղեկություններ կան, որ իսլամիստները երեք կողմերից հարձակում են գործել քաղաքի վրա: Քոբանի քաղաքն իսլամիստներից ազատագրվել է 2015թ.-ի հունվարի վերջին:
ԻՊ-ն սեպտեմբերի կեսերից սկսել է հարձակումներ գործել Քոբանի քաղաքի վրա՝ փորձելով վերահսկողություն հաստատել այնտեղ: Քաղաքը կարևոր նշանակություն ունի կազմակերպության համար, քանի որ այն գրավելու դեպքում ԻՊ-ն վերահսկողություն կհաստատի Թուրքիայի սահմանի մերձակայքում' Հալեպի մարզի գրաված տարածքներից մինչև Ռակկայի մոտ գտնվող Թել Աբյադ քաղաք: Քոբանի (Այն ալ Արաբ) քաղաքը գտնվում է Դամասկոսից 532 կմ հեռավորության վրա՝ Թուրքիայի սահմանի մերձակայքում: