Իրաքի ռազմական աղբյուրները հաստատել են, որ իրաքյան ազգային պաշտպանական ուժերի 21 անդամ սպանվել են Ֆալլուջա քաղաքի վրա հարձակման հետևանքով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, իրաքյան ուժերն առաջընթաց են գրանցել «Իսլամական պետության» վերահսկողության տակ գտնվող Ֆալլուջա քաղաքում հուլիսի 5-ին իրականացրած հարձակումներում: Իրաքյան աղբյուրների տեղեկացմամբ՝ «Իսլամական պետությունը» երկու պայթյուն է իրականացրել' այդ կերպ փորձելով կանխել բանակի առաջխաղացումը: Մահապարտ-ահաբեկիչների իրականացրած պայթյունների հետևանքով իրաքյան ուժերի 21 անդամ են սպանվել, ինչը, սակայն չի արգելել նրանց հասնել Շեյհա շրջանի կամրջին:
Իրաքի անվտանգության աղբյուրների տեղեկացմամբ՝ միջազգային դաշինքի իրականացրած օդային հարվածների հետևանքով Նինվե նահանգում ԻՊ-ի 53 ահաբեկիչ է սպանվել:
Մյուս կողմից ԻՊ-ն հարձակում է իրականացրել Բայջի գյուղաքաղաքի կենտրոնում, որի հետևանքով իրաքյան ուժերն ազգային կամավորական ջոկատների հետ նահանջել են:
«Իսլամական պետություն» իսլամիստական ահաբեկչական կազմակերպությունը գործում է Սիրիայի և Իրաքի տարածքներում: 2013 թ. ապրիլին «Ալ Կաիդա»-ի երկու ճյուղերի միավորման արդյունքում ձևավորվել է խմբավորում՝ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» անվանումով, որի նպատակն էր կազմավորել իսլամական էմիրություն Լիբանանի, Սիրիայի և Իրաքի տարածքներում: 2014 թ. հունիսի 29-ին ԻԼԻՊ-ը Սիրիայի և Իրաքի գրաված տարածքներում հայտարարել է Իսլամական խալիֆաթ հիմնելու մասին, որի խալիֆ է նշանակվել Աբու Բաքր ալ Բաղդադին: Այնուհետև կազմակերպության անվանումը փոխելու որոշում է ընդունվել, և այն վերանվանվել է «Իսլամական պետություն»: Խմբավորման կազմում կռվում է 80 երկրի ապստամբ: