Հացադուլ հայտարարած նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի առողջական վիճակը այսօր' փետրվարի 6-ի ուշ երեկոյան համեմատաբար լավ է: NEWS.am-ի թղթակիցը ԳԱԱ շենք այցելության ժամանակ այնտեղ հերթապահում էին ոչ միայն նախագահի թեկնածուի ներկայացուցիչները, այլեւ «Շտապօգնության» բրիգադը: «Շտապօգնության» հերթապահ բժիշկը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ եթե իրենց նախորդած բրիգադի ժամանակ Անդրիաս Ղուկասյանի ճնշումը 80/50 էր, ապա այժմ 100/70 է: «Բնականաբար, կամաց-կամաց ճնշումը իջնում է, տատանումներ կարող են լինել»,- ասաց նա: Բժիշկը նշեց, որ եթե հանկարծ Անդրիաս Ղուկասյանի առողջական վիճակը վատանա, ապա իրենք համապատասխան օգնություն կցուցաբերեն: Նրանք կես ժամը մեկ կապվում են վերադասի հետ եւ զեկուցում նրա առողջական վիճակի մասին:
Նշենք, որ առանց սննդի մարդու օրգանիզմը երկար չի կարող գոյատեւել, սակայն, մասնագետները ձեռնպահ են մնում որեւէ ժամկետ նշելուց' շեշտելով, որ դա խիստ անհատական է: Անդրիաս Ղուկասյանի 17 օր հացադուլին դիմանալը, իր իսկ խոսքով, պայմանավորված է կամքով եւ կարգապահությամբ: Բժիշկները նշում են, որ հացադուլի դեպքում հացադուլավորը շատ եւ կանոնավոր հեղուկներ օգտագործելու դեպքում կարող է երկար դիմանալ:
Հացադուլից հետո անձին անհրաժեշտ է ռեաբիլիտացիոն շրջան: Արգելվում է միանգամից սնունդ ընդունելը: Սկզբնական շրջանում օրգանիզմը վերականգնվում է համապատասխան անհրաժեշտ դեղամիջոցների շնորհիվ:
Հիշեցնենք, որ հունվարի 21-ից Անդրիաս Ղուկասյանը հացադուլ է հայտարարել ԳԱԱ-ի առաջ: