Եմենում հակամարտող կողմերի միջև զինադադարն ուժի մեջ կմտնի հուլիսի 10-ի երեկոյան ժամը 23:59-ին և կշարունակվի մինչև Ռամադան ամսվա վերջը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ստեֆան Դյուջարրիքը' ավելացնելով, որ հակամարտող կողմերը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունին հավաստիացրել են առանց նախապայմանների ռազմական գործողություններն ավարտելու մասին:
Արաբական դաշինքը Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ ռազմական գործողությունների դադարեցման մասին տեղեկացրել է Եմենի նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր ալ Հադիի, իսկ շիա ապստամբները' հոուսիները, ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Իսմայիլ ուլդ Շեյխ Ահմեդի միջոցով:
Զինադադարի ժամանակ ակնկալվում է դադարեցնել ցանկացած ռազմական գործողություններ' ցամաքային և օդային, ինչը հնարավորություն կտա մարդասիրական օգնություն տրամադրել միլիոնավոր կարիքավորներին:
Եմենում իրավիճակն առավել սրվել էր 2015թ. հունվարից, երբ շիա ապստամբները գրավել էին մայրաքաղաք Սանան: Ապստամբների ճնշման տակ նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր ալ Հադին և վարչապետ Խալեդ Բախախը հրաժարական էին տվել: Որոշ ժամանակ անց նախագահ Մանսուր Հադին ստիպված փախուստի էր դիմել Ադեն, իսկ կարճ ժամանակ հետո՝ մարտի 25-ին շիաների Ադեն մտնելով, հեռացել էր երկրից:
Նախագահը դիմել է Սաուդյան Արաբիային' խնդրելով միջամտել ստեղծված իրավիճակին: Մարտի 26-ին Սաուդյան Արաբիան Բահրեյնի, Կատարի, Քուվեյթի, ԱՄԷ-ի օդային ուժերի օգնությամբ Եմենում իրականացվել է «Վճռականության փոթորիկ» գործողությունը, որի ավարտից հետո սկսվել է ռազմական գործողությունների մյուս՝ «Հույսի վերականգնում» փուլը: