Այս պահին ԴԱՀԿ աշխատակիցը գտնվում է «Առաջին լրատվական»-ում և փորձում արգելանք դնել լրատվականի և «Սկիզբ մեդիա կենտրոն» ընկերությունների գույքի վրա: Նման պահանջով դատարան է դիմել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա որդի Սեդրակ Քոչարյանի ներկայացուցիչ Ա. Մելիքբեկյանը: Վերջինս պահանջել է հերքել Քոչարյանների «պատիվը և արժանապատվությունն արատավորող» տեղեկությունները և վնասի հատուցման համար լրատվական ընկերությունից գանձել 5 մլն դրամ՝ միաժամանակ միջնորդելով կալանք դնել գույքի ու դրամական միջոցների վրա:
Դատարանը հունվարի 15-ին որոշել է Քոչարյանների ներկայացուցչի հայցը մասնակի բավարարել՝ 5 մլն դրամ արգելանք դնել ընկերություններին պատկանող գույքի վրա, իսկ դրամական միջոցների արգելանքի մասով մերժել է:
«Սկիզբ մեդիա կենտրոն» ՍՊԸ-ի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը համարում է, որ այս պահին ԴԱՀԿ աշխատակից Գագիկ Սախոյանի գործունեությունն անօրինական է:
«Նախ՝ «Առաջին լրատվական» ՍՊԸ-ն որևէ առնչություն չունի իրենց կողմից վիճարկվող հոդվածների հետ, հետևաբար փաստաբանը նախ պետք է ուսումնասիրեր, թե տվյալ հոդվածը որ ընկերության կողմից է տպագրված, հետո նոր նման պահանջ ներկայացներ դատարան: Ինչ վերաբերում է «Սկիզբ մեդիա կենտրոն» ՍՊԸ-ին, ապա 30 րոպե առաջ ժամանել է հարկադիր կատարող Գ. Սախոյանը և հայտնել, որ որոշումները առաքվել են: Բայց մենք փաստում ենք, որ նման որոշումներ չեն ստացվել. իրենք պարտավոր էին նախ որոշումը ուղարկել, հետո նոր կատարել որոշակի գործողություններ: ԴԱՀԿ աշխատակցի գործողություններն անօրինական են նաև այն պատճառով, որ ընկերության կողմից օգտագործվող տարածքը այլ անձի սեփականություն է, իսկ գույքը չի հանդիսանում ընկերության սեփականությունը, որի վերաբերյալ պատշաճ ապացույցները կներկայացվեն: Սակայն հարկադիր կատարողը չհամաձայնեց սպասել՝ ասելով, որ ինքը կարող է արգելանք դնել, հետո նոր մենք դիմենք դատարան»,- պարզաբանեց Ն. Բաղդասարյանը:
Հիշեցնենք, որ Քոչարյանները որոշել են, որ իրենց պատիվն արատավորվել է այն հոդվածի արդյունքում, որտեղ հրապարակված է եղել, որ 2006թ. «Նաիրիտ» գործարանի սեփականաշնորհումը կատարվել է Ռ. Քոչարյանի անմիջական հսկողությամբ, և որ նախկին նախագահն անմասն չի մնացել այդ գործընթացից: Ընդ որում, հրապարակման ժամանակ հարցում է արվել Ռ. Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանից, և նրա պատասխանը ներգրավվել է հոդվածում: