Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայում մեկնարկած դատական նիստին Ավետիսյանների ընտանիքին սպանած ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը նստած է թիկունքով դեպի նիստին ներկաները, անշարժ, առանց ձեռնաշղթաների: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ' դատական նիստի մեկնարկին նախագահողը' 5-րդ կայազորային զինվորական դատարանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Շելդյաևը, դատավարության կողմերին ծանոթացրեց իրենց իրավունքներին ու պարտականություններին, Պերմյակովից ճշտեց' արդյոք նա ցանկանում է, որ իր շահերը ներկայացնի պաշտպան Դանիելյանը: Ստանալով դրական պատասխան' նախագահողը շարունակեց դատական նիստը: Գործում պետական մեղադրողը Վլադիմիր Անդրուսենկոն է: Դատավորը տեղեկացրեց, որ դասալքության, զենքի հափշտակման եւ ապօրինի կրման փաստերով դատական վճռի կայացումից բացի, Ավետիսյանների ընտանիքի սպանության մասով գործը միջպե տական պայամանագրի համաձայն հանձնվել է Հայաստանին:

 

Դատարանը հարգելի համարեց քրեական գործով անցնող վկա Հայկ Խաչատրյանի բացակայությունը' ընթերցելով նրա գրությունը, որ ընտանեկան պատճառներով չի կարող մասնակցել դատաքննությանը և խնդրում է հիմք ընդունել իր նախաքննության ընթացքում տված ցուցմունքները:

 

Որպես տուժող կողմ հանդես է եկել ռազմաբազայի հրամանատարությունը' ի դեմ գեներալ-մայոր Վլադիմիր Ուստինովի:

 

Դատական նիստին մասնակցելու համար հավատարմագրվել են մեծ թվով լրատվամիջոցներ: Ռուսական ռազմաբազայում են նաեւ Ավետիսյանների հարազատներն ու իրավահաջորդների շահերի պաշտպաններ Երեմ Սարգսյանը եւ Լուսինե Սահակյանը: